Ուզում ենք հասկանալ, թե Ադրբեջանն ի՞նչ նկատի ունի՝ Հայաստանի Հանրապետություն ասելով․ Նիկոլ Փաշինյան

Մենք ուզում ենք հասկանալ, թե Ադրբեջանն ի՞նչ նկատի ունի՝ Հայաստանի Հանրապետություն ասելով, Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու խնդրին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ Ադրբեջանն ասում է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մենք ուզում ենք հասկանալ, թե նրանք ի՞նչ նկատի ունեն՝ Հայաստանի Հանրապետություն ասելով, որովհետև նրանց խոսույթից ոմանք եզրակացություն են անում, որ նրանք, «Հայաստանի տարածքային ամբողջականություն» ասելով, նկատի ունեն Հայաստանի ոչ թե 29 800 քառակուսի կմ-ը, այլ Հայաստանի տարածքի մի մասը միայն»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց՝ խնդիրն այն է, որ մինչև այսօր Ադրբեջանի նախագահը ՀՀ տարածքային ամբողջականությունը հենց 29 800 քառակուսի կմ-ի շրջանակում ճանաչելու մասին չի հայտարարել։

«Մինչև այսօր Ադրբեջանի նախագահը 29 800 քառակուսի կմ-ով Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հրապարակային հայտարարություն չի արել»,- ասաց Փաշինյանը։

Նա չհամաձայնեց այն գնահատականներին, որ չնայած սրան՝ Հայաստանը միակողմանիորեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 600 քառակուսի կմ-ով։

«Այստեղ միակողմանիորեն ճանաչելու մասին խոսք լինել չի կարող, որովհետև խոսքը պայմանավորվածության մասին է, և 86 600 քառակուսի կմ-ը և 29 800 քառակուսի կմ-ը երկվորյակ թվեր են։ Այսինքն՝ 29 800-ը ճանաչելու համար պետք է 86 600-ը ճանաչել, և 86 600-ը ճանաչելու համար պետք է 29 800-ը ճանաչել»,- պնդեց նա։

Այս թեմայով
am