ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու հարցով հանրաքվե անցկացնելն անիրատեսական է. Փաշինյան
Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է, սակայն դրա համար անհրաժեշտ է նաև ԵՄ-ի համապատասխան որոշումը։ Այս մասին «Radio France Internationale»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե ինչ-որ պահի Հայաստանը լիարժեք և օբյեկտիվորեն պատրաստ լինի դառնալ ԵՄ անդամ, այդ դեպքում հարցը կրկին կախված կլինի երկու հիմնական սուբյեկտից՝ ԵՄ-ն կցանկանա՞ ընդունել մեզ, և Հայաստանի ժողովուրդը կքվեարկի՞ այդ տարբերակի օգտին»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ միայն Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը բավարար չէ, քանի որ Եվրոպական միությունը դեռ պետք է որոշում կայացնի ընդլայնման քաղաքականության վերաբերյալ։
ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու հարցով նշել է. «Պետք կլինի առնվազն, որ Հայաստանը պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամագրվելու հարցով։ Դեռևս մենք չենք դիմել այդ հարցով, հետևաբար հանրաքվե անցկացնելը անիրատեսական է»,-ասաց Փաշինյանը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նույնիսկ եթե Հայաստանը համապատասխանի ԵՄ անդամակցության չափանիշներին, բայց չանդամակցի միությանը, միևնույն է՝ երկիրը կշահի, քանի որ կունենա պետություն, որը լիարժեք կհամապատասխանի ԵՄ չափանիշներին։