Եթե իմ հրաժարականով բոլոր մարտահրավերները կհասցեագրվեն, կանեմ հաջորդ վայրկյանին, բայց տեղի կունենա հակառակը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ աթոռից կառչած չէ, պատրաստ է հրաժարական տալ, եթե իր հրաժարականով բոլոր մարտահրավերները կհասցեագրվեն, սակայն վստահ է, որ դա անելու դեպքում տեղի կունենա հակառակը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասել է ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին:
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի տեսակետին, թե վարչապետը «կառչել է» աթոռից՝ Փաշինյանն ասել է.
«Իրականությունն ուղիղ հակառակն է: 2021-ին ես հրաժարական եմ տվել, որ հերթական անգամ ՀՀ ժողովրդի համար դուռ բացեմ այդ իրավիճակում արտահերթ ընտրությունների միջոցով որոշելու, թե ով է ՀՀ վարչապետը»:
Անդրադառնալով ընդդիմության դիտարկումներին, թե իշխանությունն ասում է՝ եթե իրենք չլինեն իշխանության, պատերազմ կլինի՝ վարչապետն ասել է.
«Մյուս կողմից դուք էիք ժամանակին ու հիմա էլ անընդհատ խոսում, որ եթե մենք շարունակենք մնալ իշխանության, կլինի պատերազմ: Իրականությունն այլ է: Ցավոք, միայն իշխանություններից չէ կախված ՀՀ գլոբալ իրավիճակը: Այլ բան, որ գլոբալ իրավիճակում մենք պետք է կարողանանք մաքսիմալ ճիշտ դիրքավորվել: Խոստովանեմ, որ ոչ միայն հիմա, այլ նաև նախկինում էլ միշտ չէ, որ հաջողվել է ճիշտ դիրքավորվել: Ինչ-որ մի շրջան անվանում ենք խաղաղության շրջան: Մենք 30 տարվա ընթացքում խաղաղություն չենք ունեցել, պարզապես ունեցել ենք պատերազմի հետաձգում՝ գուցե և Հայաստանի անկախության և խամաճիկացման գնով»:
Պատգամավորը վարչապետին հեռանալու կոչ է արել՝ նրան մեղադրելով վարած քաղաքականության համար:
Վարչապետը չի ժխտել՝ Հայաստանը մարտահրավերների առաջ է կանգնած և միշտ կանգնած է եղել:
«Շատ կարևոր է, սակայն, հասկանալ, թե հատկապես ինչ մարտահրավերի առաջ: Ուղիղ ու անկեղծ ասեմ՝ եթե ես իմանամ, որ, օրինակ, իմ հրաժարականով, հեռացումով այդ բոլոր մարտահրավերները կհասցեագրվեն, ես կանեմ հաջորդ վայրկյանին, որովհետև, ի հեճուկս ձեզ, ես աթոռից կառչած չեմ և երբևէ չեմ էլ եղել: Բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ դա անելու դեպքում տեղի կունենա ուղիղ հակառակը: Եվ սա է պատճառը նաև, որ դա տեղի չի ունենում»,-ասել է Փաշինյանը:
Դիմելով ընդդիմադիր պատգամավորին՝ վարչապետն ասել է.
«Դուք այդ սցենարը փորձեցինք ԼՂ-ում և իրագործեցիք: Դրանից ավելի լավ եղա՞վ: Իհարկե, Հայաստանում, չեք կարող իրագործել, բայց ես ուզում եմ այս տեսական իրավիճակից մենք գոնե հետևություններ անենք»: