Պուտինի հայտարարությունը Սերժ Սարգսյանի մասին չէ, նա բազմիցս հայտարարել է, որ մենք փոխզիջման կողմնակից ենք․ Շարմազանով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն ակնհայտորեն չի կարող վերաբերել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և նրա ղեկավարած տարիներին, որովհետև ակնհայտ է՝ Կազանյան փաստաթուղթը մերժվել է Ադրբեջանի կողմից։
Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա՝ Պուտինն այսօրվա հայտարարությամբ շեշտեց շատ կարևոր մեկ հանգամանքը, որ կեղծ է Նիկոլ Փաշինյանի այն թեզն, իբրև, 1991 թվականին Հայաստանն Ալմաթիի հռչակագրով Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, սուտ է։
«Եթե Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, ապա ինչպե՞ս է ՌԴ-ն բանակցային փաթեթում առաջարկում, որ Քարվաճառն ու Լաչինը մնան հայկական վերահսկողության տակ։ Պուտինը փաստացի նշեց, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանին ժառանգել է հայկական Արցախ՝ Քարվաճառով և Լաչինով։ Շուշիի հարց Սերժ Սարգսյանի ժամանակ չի բանակցվել, ավելին՝ Պուտինը շեշտեց, որ ոչ միայն Արցախն, այլև Քարվաճառի և Լաչինի շրջանը մնալու էին հայկական։ Սուտ է ՔՊ-ականների թեզերը, թե Արցախը նախկիններն են հանձնել »,- նկատեց նա։
ՀՀԿ ԳՄ անդամի կարծիքով՝ Պուտինը վերահաստատեց նաև Բորելի այն հայտարարությունը, որ նոր իշխանություններն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի են Արցախն առաջին անգամ ճանաչել է Ադրբեջանի կազմում։
«Ռուսաստանցի համանախագահ Պոպովն առաջարկում էր փաթեթ, որ Շուշին, Հադրութը, Ստեփանակերտ, Ասկերանն ու Մարտակերտը մնալու էին հայկական վերահսկողության տակ, Քարվաճառն ու Լաչինը՝ ևս։ Սրա դիմաց հայկական կողմը պատրաստ է զիջել 5 շրջանները։
Պուտինը ճիշտ է, որ 10-15 տարի դա առաջարկել են, բայց նա չի ասում, որ այդ տարիների իշխանություններն են դա մերժել»,-ընդգծեց քաղաքական գործիչը։
«Սերգեյ Լավրովը 2016 թվականի ապրիլին հստակ հայտարարել է, որ Կազանյան փաստաթղթից հրաժարվել է Ադրբեջանը, հետևաբար, փոխզիջումային տարբերակներից և ռուսական առաջարկների մերժման հասցեատերը չի կարող որևէ մեկի ցանկության դեպքում լինել Հայաստանի նախորդ իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որովհետև թե՛ Լավրովը, թե՛ Ալիևը նշել են, որ Ադրեջանն է հրաժարվել Կազանյան փաստաթղթից։ Փաշինյանը և նշել է, որ Ալիևն իրեն ասել է, որ ինքն է հրաժարվել Կազանյան փաստաթղթից»,- հիշեցրեց Շարմազանովը։
ՀՀԿ ԳՄ անդամը նաև նշեց, որ Սերժ Սարգսյանը ռուսական պետական հեռուստաընկերությանը տված հարզացրույցում հստակ ընդգծել է կարմիր գծերը, դրանք են՝ Արցախի ինքնորոշման իրավունքը, Արցախի միջանկյալ կարգավիճակն ու հանրաքվեն և դրա դիմաց պատրաստ ենք գնալ փոխզիջման, որը կարող է լինել 5 շրջանները։
«Պուտինի առաջարկը, թե Արցախը ստանում է միջանկյալ կարգավիճակ, Քարվաճառն ու Լաչինը ևս մնում են մեզ, չէր կարող վերաբերել Սերժ Սարգսյանին։ Երրորդ նախագահը մեկ անգամ չէ հայտարարել է, որ մենք փոխզիջումային տարբերակի կողմնակից ենք։ Այո, մեր իշխանության շրջանում ապակառուցողականը չի եղել Հայաստանն, այլ՝ Սդրբեջանը, դա վկայում է նաև Լավրովը։ Այո, Փաշինյանն է ասել, որ մենք կկռվենք»,-նշեց Շարմազանովը։
Նրա խոսքով՝ Պուտինն այսօր փաստեց, որ Սերժ Սարգսյանը՝ ճիշտ էր, Նիկոլ Փաշինյանը՝ սխալ։
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ նախագահը հայտարարել էր, որ իրենք առաջարկել են Ադրբեջանի հետ այնպես պայմանավորվել, որ Քելբաջարն ու Լաչինը մնան ՀՀ փաստացի տիրապետության տակ, բայց ՀՀ ղեկավարությունը դրան չհամաձայնեց, թեև 10-15 տարի փորձել են համոզել։