Չեմ զարմանա, եթե վաղը Փաշինյանը Արցախի նախագահին կոչի «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչ». Արթուր Խաչատրյան

Արցախահայությունը կանգնած է ցեղասպանության, իսկ հայ ազգը՝ պատմական հայրենիքի մի մասնիկի կորստի վտանգի առաջ, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Թվում էր, թե Հայաստանը պետք է ամեն քայլ ձեռնարկեր՝ ավելի սերտացնելու հայկական երկու պետությունների միջև կապերը, դարմանելու վիրավոր Արցախի  վերքերը և դիմագրավելու լկտիացած Ադրբեջանի նոր սպառնալիքներին»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` Ադրբեջանը հասկացել է, որ ՀՀ իշխանությունը Արցախին մենակ է թողել:

«Հայաստանի  բազմադարյան պատմության մեջ միայն հայ բոլշևիկներն ու ՔՊ-ն են կասկած տակ դնում Արցախի հայկականությունը»,- նշեց նա:

Խաչատրյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հարված հասցրեց Արցախի թիկունքին` Արցախի նոր նախագահին կոչելով «ԼՂ առաջնորդ»:

«Չեմ զարմանա, որ վաղը նա, տեղիք տալով Ադրբեջանի պահանջին, Արցախի նախագահին կոչի «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչ»,- ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Այս թեմայով
am