Լիահույս եմ, որ միասնական կամքով կհաղթահարենք օրվա մարտահրավերները և Արցախ աշխարհում կապահովենք խաղաղություն ու անվտանգություն.Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը
Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ արցախահայեր.
Շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության անկախության հռչակման 32-րդ տարեդարձի կապակցությամբ: Անկախությունը բացառիկ արժեք է, որի պահպանման համար մեր ազգը շատ թանկ՝ արյան գնով է վճարել:
Առաջին հերթին խորին խոնարհումով և երախտիքով հիշենք հանուն ազատ ու անկախ հայրենիքի արցախյան ազատամարտերում կյանքը նվիրաբերած հերոսներին: Նրանք ընկան, որ հայը տեր լինի իր բնօրրանին, արցախցին ապրի և արարի իր հայրենիքում:
Այսօր էլ Արցախի նկատմամբ թշնամու զավթողական գործողություններն ու էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը շարունակվում են, շուրջ տասն ամիս Արցախն ապրում է ապօրինի շրջափակման մեջ, և, չնայած ստեղծված իրավիճակին, շարունակում է մնալ կանգուն և հայկական:
Փառահեղ հաղթանակներով ազատագրված, ցավոք, նաև պարտության ու անասելի դժվարությունների միջով անցնող Արցախն այսօր, առավել քան երբևէ, ունի համայն հայության համախմբվածության կարիքը:
Արցախի Հանրապետության հարգելի՛ բնակիչներ.
Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ շնորհավորում եմ ձեզ և մաղթում, որ երբեք չկորցնեք արցախցուն վայել վճռականությունը, ուժն ու հաստատակամ ոգին: Լիահույս եմ, որ միասնական կամքով կհաղթահարենք օրվա մարտահրավերները և Արցախ աշխարհում կապահովենք խաղաղություն ու անվտանգություն:
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայան