Ագրարային համալսարանի ընդունելության անթույլատրելի կամ «աննախադեպ ու հավակնոտ» բնագծերը
Մայիսի 10-ին ավարտվեց բուհերի առկա ուսուցման ընդունելության հայտագրման գործընթացը:
Դիմորդների թիվն անցած տարվա համեմատությամբ աճել է շուրջ 5 տոկոսով: ՀՊՏՀ դիմորդների թիվը կազմել է 1669: ԵՊՀ դիմորդների թիվը գերազանցել է 3200-ը, իսկ Պոլիտեխնիկինը՝ 1300-ը:
Ինչպես անցած տարիներին, այս տարի ևս խայտառակ ցածր ցուցանիշ է արձանագրվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանում:
Ագրարային այս տարի դիմել է 167 դիմորդ նախորդ տարվա 189-ի դիմաց: 167 դիմորդների մեծամասնությունը դիմել է տնտեսագիտական մասնագիտություններ, իսկ գյուղատնտեսական շատ մասնագիտություններ կամ ընդհանրապես չեն դիմել, կամ դիմել են 1-2 հոգի: Եթե հաշվի առնենք, որ անցած տարի ագրարային համալսարան դիմած 189 դիմորդներից ընդունվել են 38-ը, ապա կարող ենք կանխատեսել, որ այս տարի համալսարանը կհասնի անթույլատրելի կամ «աննախադեպ ու հավակնոտ» նոր բնագծերի:
Ցավոք սրտի, համալսարանի պոտենցիալ դիմորդների վրա ազդեցություն չունեցան ո՛չ համալսարանի ռեկտորի ամենօրյա խոստումներն ու հավաստիացումներն ագրարային համալսարանն ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոն դարձնելու վերաբերյալ, և ո՛չ էլ ուսանողներին 70000 դրամ կրթաթոշակ տրամադրելու մասին կառավարության դեռևս չընդունած որոշումն ակտիվորեն գովազդելը: