Կա՞ն արդյոք կուտակումներ ՀՀ սահմաններին. ՊՆ-ն պատասխանում է
Հաշվի առնելով մամուլում բազմաթիվ լուրերն այն մասին, թե Հայաստանի և Արցախի սահմանների երկայնքով Ադրբեջանի կողմից կուտակումներ կան` meganews.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ՊՆ` խնդրելով տեղեկացնել` արդյո՞ք տեղեկությունները ներկա պահին ադրբեջանական զինված ուժերի կուտակումների մասին համապատասխանում են իրականությանը, կուտակումներ կա՞ն արդյոք Վարդենիսի ուղղությամբ, եւ առհասարակ ՀՀ ողջ սահմանագծով, եվ ի՞նչ մասշտաբի կուտակումներ են նկատվում:
Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հասցեագրված մեր գրավոր հարցմանը` նշել են, որ մեր հարցադրումների առնչությամբ մարտի 15-ին Պն նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում տվել է սպառիչ պատասխաններ:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին էլ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, լրագրողների հետ ճեպազրույցում, նշել էր.
«Լեռնային Ղարաբաղի շուրջ կուտակումների մասին պաշտպանության բանակը մշտապես հանդես է գալիս հայտարարություններով և ռուս խաղաղապահներն ամենօրյա հաղորդագրություն են տարածում, սրանով կառաջարկեմ փակել թեման: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի սահմաններին, այս պահին կուտակում արձանագրված չէ»,- սա էլ եղել է պաշտպանության նախարարի պատասխանը:
Պետք է ընդգծել, որ ՊՆ նախարարը կուտակումների մասին լուրերը հերքել է մարտի 15-ին, սակայն դրանից անմիջապես հետո մեծ թափով կրկին տարածվել են համանման լուրերը, նույնիսկ Թագուհի Թովմասյանը բազմաթիվ գրառումներով անդրադարձավ` նշելով որ ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ է նկատվում, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար է անգամ այն տեսանելի:
Այնուամենայնիվ պաշտպանության նախարարությունը մարտի 31-ին մեզ ուղարկված հացմանն ի պատասխան, նշել է որ Սուրեն Պապիկյանը տվել է սպառիչ պատասխաններ: