Քաղաքապետի թեկնածուները. ովքեր կգլխավորեն ցուցակները ընտրությունների ժամանակ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը անակնկալ հրաժարական ներկայացրեց: Երեւանում սպասվում են ավագանու նոր ընտրություններ. երբ՝ դեռ պարզ չէ: Կլինի արտահերթ, թե հերթական՝ էլի պարզ չէ: ՔՊ խմբակցությունը կարող է ավագանիներից մեկին ընտրել քաղաքապետ մինչեւ հոկտեմբերին կայանալիք ընտրություններ:
Ովքե՞ր են այս պահի դրությամբ հայտ ներկայացրել՝ իբրեւ 1-ին համար մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է, որը թեեւ ի պաշտոնե հիմա քաղաքապետի տեղակալ է, բայց իրեն արդեն իսկ որպես քաղաքապետ է «զգում»։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է Դավիթ Խաժակյանի թեկնածությունը, որը, ի դեպ, մեզ հետ զրույցում չէր բացառել ընտրություններին ՔՊ-ի հետ դաշինքով մասնակցության հավանականությունը:
«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը եւս առաջադրելու է իր թեկնածությունը, իսկ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն էլ Մանե Թանդիլյանն է:
Տիգրան Արզաքանցյանի «Ուժը Հայրենյաց» կուսակցության թեկնածուն վերջինիս կինն է՝ Նատալյա Ռոտենբերգը, եթե օրենքով իրավունք ունենա առաջադրվելու։
Տիգրան Խզմալյանի Հայաստանի եվրոպական կուսակցության թեկնածուն է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:
«Հայրենիք» կուսակցությունն էլ չի բացառել, որ Արթուր Վանեցյանը գուցե առաջադրվի քաղաքապետի պաշտոնում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ավագանու ընտրություններին պատրաստվում է առաջադրվել նաեւ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, որն ունի մի բրենդ՝ սիրված երեւանցի։