Քաղաքական տարբերակ է քննարկվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր խորհրդարանական ֆրակցիաները պարտիզանական լռություն են պահպանում, թե ովքեր պետք է նախագահեն իրենց հասանելիք ԱԺ մշտական հանձնաժողովները, երեկ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում պաշտոնապես առաջադրվեց Հայկ Ֆարմանյանը, որի մասին լրագրողական համայնքը մի քանի օր տեղեկություն ուներ, բայց «ուժեղների» թիմից կատեգորիկ հերքում էին:

Ինչպես հերքում են նաեւ այն, որ Տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի պաշտոնում դիտարկում են Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Էդգար Ղազարյանին կամ Լենա Մաթեւոսյանին։

Նրանց չեն զիջում նաեւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժեղ «Հայաստան» դաշինքի անդամները, չնայած մինչ ԱԺ նիստերի մեկնարկը նրանցից մեկը մեզ հայտնել էր, որ չեն պատրաստվում ստանձնել ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահություն, սակայն Դոնթի բանաձեւով հանձնաժողովների բաշխման գործընթացին մասնակցեցին եւ ընտրեցին Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը` հավանաբար, մտքափոխվել են։

Երեկ օրվա առաջին կեսին լուրեր հասան, թե գլխավոր թեկնածուն Քրիստինե Վարդանյանն է, սակայն նա մեզ փոխանցեց, որ դեռ վերջնական որոշում չունեն, այս հարցի հետ կապված՝ «քաղաքական տարբերակ» են քննարկում:

«Ուժեղներից» մեկը մեզ ասաց, որ ինչքանով ինքն է տեղյակ քննարկում են Գեղամ Մանուկյանի կամ Արթուր Սարգսյանի թեկնածությունը: Գեղամ Մանուկյանը քանի որ եղբայրը գերիների մեջ է և հանձնաժողովը կարող է այս հարցով հիմնովին զբաղվել, Արթուր Սարգսյանը քանի որ պատգամավորն ապօրինի կալանքի տակ է: Մեզ հորդորեցին մեկ օր համբերել այսօր կամ վաղը բոլոր թեկնածուների անունները կհրապարակեն։

Այս թեմայով
am