Ծառուկյանի դեմ «հատուկ օպերացիա». ինչո՞ւ հենց հիմա

Հայաստանի ներքաղաքական կյանքում ուժային կառույցների կոշտացած գործելաոճը վաղուց է դադարել անակնկալ լինել, սակայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն ու «Մուլտի Գրուպի» ձեռնարկություններում իրականացված վերջին գործողությունները նոր նշաձող սահմանեցին։ Դիմակավորված ու ինքնաձիգներով զինված հատուկ ստորաբաժանումների ցուցադրական ներխուժումն ավելի շատ հիշեցնում էր առաջնագծի բարդ ռազմական օպերացիա, քան սովորական իրավական ընթացակարգ։

Այս պատկերը հանրության մոտ լեգիտիմ հարց է առաջացնում. եթե պետական ուժային ապարատն օժտված է նման բացառիկ վճռականությամբ ու օպերատիվությամբ, ապա ինչո՞ւ է նույն այդ էներգիան և մոբիլիզացիոն հզորությունը բացակայում, երբ խնդիրը վերաբերում է Սյունիքի կամ Ջերմուկի սահմանային գոտիներում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը կասեցնելուն։ Ցավալի փաստն այն է, որ գործող կառավարությունը սեփական ռեսուրսների առավելագույն կոնսոլիդացիան ապահովում է բացառապես ներքին ճակատում՝ քաղաքական ընդդիմախոսներին և նրանց ֆինանսատնտեսական հենարանները չեզոքացնելու համար։

Կոմպրոմիսից մինչև թիրախավորում

Այս ամենը տեղի է ունենում քաղաքական մի ուշագրավ համապատկերում։ Խորհրդարանական ընդդիմությունը, ըստ էության, գնաց իշխանության հետ անուղղակի կոմպրոմիսի՝ վերցնելով պատգամավորական մանդատներն ու դրանով իսկ դե ֆակտո ընդունելով ընտրությունների արդյունքները, որոնց օրինականությունը մինչ այդ կատաղի կերպով վիճարկում էր։

Սակայն պրակտիկան ցույց տվեց, որ քաղաքական դաշտում «կուլտուրական» խաղի կանոններ ընդունելը չապահովագրեց ընդդիմադիր առաջնորդներին հերթական հարվածներից։ Իշխող ուժը հետևողականորեն իրագործում է իր գլխավոր ստրատեգիական նպատակը՝ քաղաքական թատերաբեմից մեկուսացնել և կապիտուլյացիայի ենթարկել բոլոր այն դեմքերին, ովքեր ունակ են իրական դիմադրության օջախներ ձևավորել։

Միասնության բացակայությունը՝ ձախողման երաշխիք

Այդուհանդերձ, հիմնական խնդիրը ոչ թե իշխանության ագրեսիվ մարտավարությունն է, այլ հենց ընդդիմադիր ճամբարի ներքին անդամալուծությունը։

Ակնհայտ է, որ խոշոր ընդդիմադիր միավորների՝ «Ուժեղ Հայաստանի», «Հայաստան» դաշինքի և ԲՀԿ-ի միջև այդպես էլ չձևավորվեց գեթ մեկ ընդհանուր ռազմավարական առանցք։ Խոսքը ոչ միայն միասնական քաղաքական օրակարգի, այլև տարրական փոխադարձ պատասխանատվության իսպառ բացակայության մասին է։ Ընդդիմադիր լիդերները չկարողացան գալ մեկ հանրագումարի և որդեգրել քաղաքական անվտանգության պարզագույն կանոնը. համակարգային հարվածը մեկ ուժի դեմ պետք է ընկալվի որպես հարված բոլորին։ Քանի դեռ այս գիտակցումը չկա, իշխանությունը հերթով և առանց մեծ ջանքերի կոտրելու է ընդդիմության առանձին թևերը։

Մարգարիտա Դավթյան

Այս թեմայով
am