Քաղաքական հավասարակշռության արվեստը. Ալեն Սիմոնյանի թողած ժառանգությունը և խորհրդարանական նոր իրականությունը
Հայաստանի նորագույն պատմության ամենաբարդ, ճգնաժամային ու բեկումնային տարիներին Ազգային ժողովի ղեկը ստանձնած Ալեն Սիմոնյանը հեռանում է խորհրդարանի նախագահի պաշտոնից՝ թողնելով ոչ միայն հստակ քաղաքական ձեռագիր, այլև բարդ իրավիճակներում կառավարման ուրույն մշակույթ: Այս տարիները խորհրդարանի համար եղան իսկական փորձություն՝ համավարակ, հետպատերազմյան ծանրագույն ճգնաժամ, արտաքին ու ներքին անվտանգային լուրջ մարտահրավերներ: Սակայն, նույնիսկ ամենաալեկոծ օրերին, Ալեն Սիմոնյանին հաջողվեց պահպանել օրենսդիր մարմնի կայունությունն ու դառնալ այն առանցքը, որի շուրջ, ի վերջո, հանդարտվում էին քաղաքական կրքերը:
Իշխանության և ընդդիմության «մերանը». Կոշտ, բայց հավասարակշռված
Ալեն Սիմոնյանի կերպարը խորհրդարանի ղեկավարի պաշտոնում երբեք միագիծ չի եղել: Նա երբեմն հանդես էր գալիս չափազանց սուր, երբեմն՝ ընդդիմախոսների հանդեպ ընդգծված կոշտ ու անզիջում դիրքերից, ինչը բնական է քաղաքական սուր պայքարի կոնտեքստում: Սակայն, որպես «մարդ-տեսակ», նա կարողացավ անել ամենակարևորը՝ դառնալ յուրատեսակ «մերան» իշխանության և ընդդիմության միջև:
Նրան հաջողվում էր խորհրդարանական ամենաթեժ, երբեմն անվերահսկելի թվացող բախումների պահին գտնել այն նեղ սահմանագիծը, որտեղ հնարավոր էր պահել Ազգային ժողովի բնականոն աշխատանքը: Դա քաղաքական հասունության և բալանսի պահպանման բացառիկ արվեստ էր, որը թույլ չտվեց, որ խորհրդարանը վերածվի բացարձակ քաոսի:
Ուրույն դեմք քաղաքական դաշտում
Անկախ երկրի առջև ծառացած աշխարհաքաղաքական ու ներքին ծանրագույն ցնցումներից՝ Ալեն Սիմոնյանը կարողացավ ձևավորել ԱԺ ղեկավարի սեփական, ինքնատիպ դիմանկարը: Նա չդարձավ սոսկ նիստեր վարող պաշտոնյա, այլ դարձավ խորհրդարանի դեմքը թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային հարթակներում: Նրա խարիզման, քաղաքական ինտուիցիան և ճիշտ պահին ճիշտ շեշտադրումներ անելու կարողությունը նրան ապահովեցին ուրույն ու ծանրակշիռ տեղ հայաստանյան քաղաքական էլիտայում:
Ափսոսանքի շեշտադրումներ և նոր մարտահրավերներ
Այսօր, երբ ձևավորվել է նոր Ազգային ժողով և նոր կազմ, չի կարելի չարձանագրել որոշակի ափսոսանքի զգացում: Նոր քաղաքական իրողություններում Ալեն Սիմոնյանի փորձն ու կոնֆլիկտների կառավարման հմտությունը խիստ անհրաժեշտ էին լինելու այս նոր կազմը նույնպես հավասարակշռելու համար: Նրա բացակայությունը խորհրդարանի ղեկին ակնհայտորեն զգացվելու է:
Այժմ ամբողջ պատասխանատվությունն անցնում է Ռուբեն Ռուբինյանին: Հույս հայտնենք, որ նորընտիր ղեկավարը կկարողանա որդեգրել նույնպիսի հավասարակշռված մոտեցում, պահպանել խորհրդարանական բալանսն ու շարունակել այն կայունության գիծը, որը մեծ ջանքերի գնով ձևավորվել էր նախորդ տարիներին:
Ալեն Սիմոնյանը հեռանում է ԱԺ նախագահի պաշտոնից, բայց նրա թողած քաղաքական նշաձողը խորհրդարանական կառավարման պատմության մեջ մնում է որպես ճգնաժամային իրավիճակներում հավասարակշռություն պահելու հաջողված օրինակ:
Մարգարիտա Դավթյան