Հովիկ Աբրահամյանին չեն ուզում ՀՀ-ից դուրս թողնել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Հրապարակ»-ը տարեսկզբին գրել էր, որ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոց վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը 2025-ի տարեվերջին փոխվել է 20 միլիոն դրամ գրավով։ Սակայն դատախազությունն այդքան էլ հաշտ չէ խափանման միջոցի այս փոփոխության հետ․ տեղեկացանք, որ վերաքննիչից մերժում ստանալուց հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ դատարան բողոք է տարել` նախկին վարչապետի խափանման միջոց գրավ կիրառելը բեկանելու մասին: Նա պահանջում է վճռաբեկից` բեկանել գրավը եւ սահմանել վարչական հսկողություն ու բացակայելու արգելք։

Նպատակն այն է, որ Աբրահամյանին արգելեն ՀՀ-ից դուրս գալ։ Հովիկ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով: Գործը հարուցվել է դեռ 2018-ին, դատարան է մտել միայն 7 տարի անց:

Փաստացի, Աբրահամյանը մեղադրյալի աթոռին է արդեն 7 տարի: Պետությունը նաեւ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան հայց է ներկայացրել, Աբրահամյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ Հայաստանի բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագման գույք։ Պատասխանողների թվում են անգամ նախկին վարչապետի վարորդը, թիկնապահը, որոնց անունով ձեւակերպված գույքը դատախազությունը համարում է, որ պատկանում է նախկին վարչապետին, ուստի պահանջում է պետությանը վերադարձնել 59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երեւանում: Բացի այդ, պահանջում են 20 ավտոմեքենա, 20 ընկերությունում մասնակցություններ եւ բաժնետոմսեր, ինչպես նաեւ՝ 55 միլիոն դոլար։ Գործը քննվում է 2023 թվականից: Վերջերս մի հայց էլ ներկայացվեց նրա եղբոր` ԱԺ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանի եւ նրան փոխկապակցված անձանց դեմ:

Այս թեմայով
am