«Ես իմ պարտականությունն եմ անում, ես հերոս չեմ՝ հերոսներն անմահացան»
Այսօր լրանում է Ջերմուկում տեղի ունեցած ռազմական դեպքերի տարելիցը։ Սեպտեմբերյան հերթական ագրեսիան կրկին խլեց մի շարք հայորդիների կյանքեր, որոնք թշնամու դեմ կենաց-մահու պայքար մղեցին։ Ցավոք, մինչ օրս սահմանային իրադրությունը լարված է, իսկ թշնամու ձեռագիրը չի փոխում։ Ամեն օրը լուսանում է սահմանում տեղի ունեցած նոր իրադարձություններով, կրակոցներով և ապատեղեկատվության տարածմամբ։ Սա ահազանգ է առ այն, որ մեկ և երեք տարի առաջ տեղի ունեցած սեպտեմբերյան իրադարձությունները կարող են կրկնվել ու, դժվար է ասել, թե այս անգամ ինչ մասշտաբներ այն կկրի այս անգամ։
Սեպտեմբեր 13-յան քաջերից է Արմեն Ասլամազյանը, որն ընկերկան շրջապատում առավել հայտնի էր Ումուդ մականվամբ։ Վերջինս զինվորական ահագեցած կենսագրություն ուներ՝ 2005 թվականից պայմանագրային զինծառայող էր, Օմարի արծիվներից։ Հատկանշական է, որ չնայած նրան մասնակցել է ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմներին, սակայն երբեք չի սիրել պատմել այն մասին, թե ինչերի միջով է անցել այդ օրերին ու ինչեր տեսել։ Ասում են՝ հաճախ էր անում հետևյալ արտահայտությունը․ «Ես իմ պարտականությունն եմ անում, ես հերոս չեմ՝ հերոսներն անմահացան»։ Ցավոք, ինքն էլ անմահացավ ու դասվեց մեր անմահ հերոսների շարքին, որի գործն անուրանալի է։
Ումուդը Քարվաճառը հանձնելուց հետո ծառայության տեղափոխվեց Ջերմուկ, որտեղ էլ սեպտեմբերի 13-ի գիշերը ինքն ու իր մարտական ընկերները դիմակայեցին թշնամու մոտ 400 հոգանոց հատուկ նշանակության գնդին: Չնայած զինորների քանակի կտրուկ անհամապատասխանությանը, վերջիններս կարողացել են պահել դիրքը։ Լուսադեմին թշնամին հերթական ուժեղ հարձակման փորձն է արել, Օմարի արծիվները կենաց-մահու պայքար են տվել՝ դիրքը պահելով իրենց կյանքի գնով։
Արմենի որդին լավ է հիշում հոր խոսքերը․ «Ինչ խոսում էր, ամեն երկրորդ բառը՝ Աստված, հայրենիք, ընտանիք»։ Այդպես էլ եղավ․ Աստծով գնաց կռիվ, կռվեց հանուն իր հայրենիքի և ընտանիքի անվտանգության համար։ Նրանք են մեր իրական հերոսները, որոնք իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի, հանուն մեզ ու մեր ապագայի։
meganews.am