ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 54 հարց
|
Սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ սեպտեմբերի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 54, սեպտեմբերի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 48 հարց: Լրացումներ են կատարվել ԱԺ խորհրդի՝ 2017 թվականի հուլիսի 11-ի որոշման մեջ, փոփոխություններ՝ հոկտեմբերի 25-ի որոշման մեջ: ԱԺ խորհուրդը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը, ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ Թադեւոս Ավետիսյանինը: Քվեարկության արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել Արուսյակ Ջուլհակյանը: |