Շնորհակալ եմ մեր հազարով համակիրներին, որոնք միացան ԲՀԿ-ի կողմից կազմակերպված այս երթին, և մեզ հետ միասին հասան Արցախի ներկայացուցչություն.Իվետա Տոնոյան
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության օրվա կապակցությամբ՝ ԲՀԿ-ն հանուն շրջափակված Արցախի, քայլերթ-հավաք էր նախաձեռնել դեպի Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության ներկայացուցչություն:
Կազմակերպիչներն ընդգծում են՝ իրենց երթի գլխավոր ուղերձն այն է, որ ԼՂ մեր հայրենակիցներն այս օրհասական պահին միայնակ չեն: Հայաստանն ու հայաստանցիները կանգնած են Արցախի ու արցախցիրների կողքին՝ կիսելով իրենց դժվարությունները, խնդիրներն ու մտահոգությունները:
Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում՝ շնորհավորելով արցախցիներին Արցախի օրվա կապակցությամբ, միաժամանակ ընդգծում է՝ արցախցին իր դժվարության մեջ միայնակ չէ:
«Շատերը փորձում են սեպ խրել Հայաստանի և Արցախի ժողովուրդների միջև, սակայն այսօր, ինչպես իր խոսքում նշեց Գագիկ Ծառուկյանը, չկա որևէ հայ, որն օր ու գիշեր չի ապրում Արցախի և արցախցիների կյանքի վտանգի վերաբերյալ մտահոգություններով:
Շնորհակալ եմ մեր հազարով համակիրներին, որոնք միացան ԲՀԿ-ի կողմից կազմակերպված այս երթին, և մեզ հետ միասին հասան Արցախի ներկայացուցչություն:
Այսօր բոլորիս նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ ԼՂ մեր հայրենակիցները մենակ չեն և բացարձակ կապ չունի, թե դա որտեղ է արվում»,- ասում է նա:
Տոնոյանի խոսքով՝ այժմ Լեռնայյին Ղարաբաղը գոյաբանական լուրջ վտանգի առաջ է կանգնած, ու դրա հանգուցալուծումը բացառապես գտնվում է մեր աշխարհասփյուռ հայության, այդ թվում՝ նաև ռազմավարական դաշնակիրցների ձեռքերում:
«Այն, որ ԼՂ կյանքի ճանապարհ՝ Բերձորի միջանցքը, պետք է օր առաջ բացվի՝ դրանում երկրորդ կարծիք չկա: Կարևոր է, որ այս նպատակին հասնելու համար ցանկացած քաղաքական ուժ՝ անկախ պատկանելիությունից, ծառայի մեկ նպատակի:
ԲՀԿ-ի անունից, վստահաբար, կարող եմ ասել, որ մենք թե՛ գրություններով, թե՛ գործընկերային կապերով տեղ ենք հասցնում Արցախի շրջափակման հարցը:
Այս մտահոգությամբ պետք է շարժվեն բոլորը՝ անկախ իշխանություն և ընդդիմություն լինելուց»,- կարևորում է Տոնոյանը:
ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունից էլ լրագրողների հետ զրույցում շեշտում են՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը հանրաքվեի ժամանակ արտահայտել է իր հավաքական կամքը, որով էլ այժմյան ԼՂ իշխանությունները շարժվում են:
«Այսօր տարիների ընթացքում բազմաթիվ հայտարարություններ են եղել, սակայն, ինչպես տեսնում ենք, մեր 120 հազար Արցախի հայրենակիցները իրենց կյանքը շարունակում են ազատ և անկախ երկրում:
Նշեմ նաև, որ բազմից մեր պաշտոնական հայտարարություններում ընդգծել ենք՝ որևէ փորձ՝ հավասարության նշան դնելու Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների միջև, անընդունելի է: Արցախյան կողմը բաց է ողջամիտ առաջարկներ քննարկելու համար, բայց պարտադրել ԼՂ-ին ընդունել վտանգավոր առաջարկներ, անթույլատրելի է:
Անկախ ամեն ինչից Արցախը, արցախցիներն ու տեղի իշխանությունները ղեկավարվում են սեփական տեսլականով: Մենք այսօր ականտեսն ենք այն բանի, որ Ադրբեջանը փաստացի չի կատարում այն պարտավորութունները, որոնք ստանձնել է 2020 թվականի նոյմբերի 9-ի համաձայնագրով:
Այսքանով, կարելի է ասել, որ ամեն բան ասված է, քանի որ չկա որևէ հիմք, որ նրանք կկատարեն իրենց իսկ ստանձնած պարտավորություններն առհասարակ»,- ասում է ՀՀ-ում ԼՂ ներկայացուցիչը:
meganews.am