Գնորդների վճարած նախնական գումարի 75 տոկոսը սառեցնելով՝ եկամուտները կնվազեն ու բնակարանի ինքնարժեքը կմեծանա․ Խաչատուր Սուքիասյանը՝ բազմաբնակարանների կառուցապատման մասին
ԱԺ-ն քննարկում է իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանի նախաձեռնած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բազմաբնակարան շենքի գնորդների վճարած նախնական գումարների 75%-ը սառեցնել հատուկ բանկային հաշիվների վրա, որպեսզի, եթե ինչ-ինչ պատճառներով շենքի կառուցումը չավարտվի, գնորդների գումարները չկորեն, կամ այդ սառեցված գումարներով կիսատ մնացած շենքն ավարտին հասցվի:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը իր ելույթում անընդունելի համարեց նախագծով քաղաքացիների վճարած գումարները սառեցնելու առաջարկը ու ընդգծեց, որ եթե շենքը կառուցելիս կառուցապատողի եկամուտները պակասի՝ նա սկսելու է բնակարանների գինը բարձրացնել:
«ՀՀ-ում ունենք շենքեր, որոնք վթարային են ու 75 տոկոսը սառեցնելով, եթե եկամուտները նվազեն, բերելու է բնակարանների ինքնարժեքի մեծացման , մի քիչ ավելի զգույշ կարելի էր լինել 75-ի փոխարեն ավելի ցածր տոկոս առաջարկել»,- ասաց նա։
Սուքիասյանը անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ այսօր կառուցվում է բնակֆոնդի 0․3 տոկոսը։
«Դուք պատկերացնում եք ինչքան հնարավորությունների տեղ կա ու այսօր ինքներս խոչընդոտում ենք, որպեսզի բազմաբնակարան շենքերը կառուցապատվի։ Ասում եք հասցեատերը դուք չեք, սակայն պետք է Էկոնոմիկայի նախարարութունը և Կառավարությունը նորմատիվներ տան և ասեն մեր երկրում սա է պետք։
Իհարկե, ՏԻՄ-երը ինքնուրույն են, բայց վերջին հաշվով մենք պետություն ենք, մենք պետք է ուշադիր լինենք, այս կամ այս հատվածին, պետք է գոտիականացվի արագ, մինչև գխավոր հատակագիծը լինի, հակառակ դեպքում պատճառաբանում են, թե հատակագիծ չկա, հետո ի՞նչ ենք անելու։
Չունենք պետք է այսօր այս կամ այն հասցեներում իրավունք սահմանել մինչև 60 կամ 70 մետր։ Շատ կարևոր է ենթակառուցվածքների ինստիտուտը, եթե պետք է՝ հայտարարենք, որ մեծ ներդրումներ են պետք, կամ այլ ֆորմատներ դիտարկենք, որպեսզի զուգահեռ զարգանան և՛ շինարարութունը, և՛ ենթակառուցվածքները, որ այդ շինարարական ձեռնարկությունները սկսկեն գործել»,- նշեց Սուքիասյանը։