«Պետություն չկա», «վերադարձրեք հայրենիք մեր եղբայրներին». անհետ կորածների հարազատները՝ Կառավարության առաջ են (Տեսանյութ)

«Վերադարձրեք հայրենիք մեր եղբայրներին», «Լռությունը հանցագործություն է», «Պահանջում ենք որոնողական աշխատանքներ» գրություններով «Համահայկական ճակատ» շարժման անդամներն ու անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի մոտ։

Նրանք պահանջում են, որ պատկան մարմինները զբաղվեն իրենց խնդրով։

«Քանի այս երկրում չեն լուծվել հումանիտար խնդիրները, չենք կարող խոսել խաղաղությունից, պետականությունից ու պետությունից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռուզաննա Ստեփանյանը։

Նա նշեց, որ երեկ հերթական ամոթն են ապրել, երբ Բաքվում գտնվող գերիներից Վիգեն Էուլջեքյանի կինը դիմել է Մեհրիբան Ալիևային՝ ամուսնուն ներում շնորհելու խնդրանքով։

«Տպավորություն է, որ պետություն ու պետականություն կորցրած ենք։ Արցախյան պատերազմում իրենց զավակներին կորցրած ծնողներն են այստեղ, և այս շենքում նստածներին որևէ կերպ այս հարցը չի հուզում»,- ասաց նա։

Ստեփանյանը նշեց, որ տեղեկություններ եղան, թե ԱԱԾ պետը գնացել է Բաքու, սակայն այդպես էլ չլսեցին, որ անհետ կորածների կամ գերիների հարցը բարձրացվել է՝ ո՛չ իշխանությունների, ո՛չ էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից։

Ակցիայի մասնակիցներին մոտեցավ Փաշինյանի խորհրդական Գագիկ Իսախանյանը և հայտարարեց, որ կատարվում են քննչական գործողություններ, որոնց պատասխանատուն Քննչական կոմիտեն է։

«Որոնողական աշխատանքներ այս պահին չեն կարող կատարվել։ Արդյունքների մասին չեմ կարող խոսել։ Այն, ինչ կատարվում է, պարտադիր չէ, որ հրապարակային լինի։ Եվ այնպես չէ, որ ոչինչ չի արվում կամ արդյունք չկա»,- ասաց Իսախանյանը։

Ծնողներն արձագանքեցին, որ որևէ քայլ չի արվում։ Նշվեց նաև, որ Գլխավոր դատախազը ծնողներին նույնիսկ չի ընդունել։

«Պետք է կոնկրետ հավաքեմ որոշակի տվյալներ և կտեղեկացնեմ ծնողներին։ Կառավարությունը մշտապես գտնվում է անհետ կորածների և զոհվածների հարազատների կողքին»,- ասաց Իսախանյանը։

Այս թեմայով
am