Միջազգային զեկույցի հեղինակները մտահոգվել են՝ անհետ կորածների հարցում խոչընդոտները ոչ միայն Ադրբեջանից են, այլ նաև ՀՀ-ից. Տաթևիկ Սողոյան
Անհետ կորածի հարազատ, իրավաբան Տաթևիկ Սողոյանը լրագրողներին տեղեկացրեց, որ մոտ երկու շաբաթ առաջ հանդիպել է անհետ կորածների միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ, որոնք դեռևս 2022 թ.-ին Նիդեռլանդների Թագավորությունից դրամաշնորհ էին ստացել՝ իրենց կարողությունների սահմաններում իրականացնելու հետազոտություն ՀՀ–Ադրբեջան հակամարտության ընթացքում անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման ուղղությամբ։
Նա նշեց, որ կատարվել է ծավալուն հետազոտություն, որի արդյունքները կազմակերպության նախագահը ՀՀ-ում դեկտեմբերի 23-ին ներկայացրել է անգլերեն զեկույցով։
«Զեկույցի ուսումնասիրությունից ինձ համար պարզ դարձավ, որ ՀՀ կառավարությունը մի շարք դրույթներով խաբել է միջազգային գործընկերներին՝ ներկայացնելով, թե ինչ է արել։ Մասնավորապես նշել են, որ ամեն ինչ անում են, ընտանիքներին աջակցում են, նույնիսկ հոգեբաններ են վարձել, որ եթե զոհվել են, հոգեբանի ներկայությամբ լինի, ինչը ճիշտ չէ»,- ասաց նա։
Սողոյանը նշեց, որ իր տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունների խնդրանքով այդ զեկույցը տվյալ երկրի պաշտոնական կայքից հեռացվել է։
«Զեկույցի հեղինակները մտահոգություն հայտնեցին՝ ասելով, որ եթե նախկինում մեր հիմնական մտահոգությունն Ադրբեջանն էր, որը կարող էր խոչընդոտել անհետ կորածների ճակատագրերի պարզմանը, ապա հիմա հասկանում ենք, որ նաև ՀՀ-ն է խոչընդոտում»,- ասաց անհետ կորածի հարազատը։
Նա նշեց, որ ՀՀ իշխանությունները մանիպուլացրել են նաև այն ծնողներին, որոնց մինչ այդ փորձել էին համոզել, որ իբրև թե ՀՀ-ում կատարված բոլոր ԴՆԹ փորձաքննությունները ճշմարիտ են և նույն համընկնումներն են ունեցել Նիդեռլանդների լաբորատորիայում կատարված փորձաքննությունների հետ։
«Մինչդեռ իրականում փոխանցվել են բացառապես այն նմուշները, որոնց դեպքում ՀՀ-ում դժվարություն է առաջացել պրոֆիլավորում իրականացնել»,- ասաց նա։
Անհետ կորածների հարցով ակցիայի մասնակիցները Կառավարության շենքից երթով շարժվեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ՝ նամակ հանձնելու հանձնակատարին։