Ես իմ գործունեությամբ «ցավացրել» եմ որոշ մարդկանց», կբողոքարկեմ ՔՊ վարչության որոշումը. Հայկ Սարգսյան
«Կուսակցությունը ինձ հրավիրել է, ինչպես մյուս թեկնածուներին, կարճ քննարկման, որից հետո տեղեկացրել են, որ վարչությունը որոշել է մերժել իմ առաջադրումը»,- ԱԺ-ում լրագրոների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Նա տեղեկացրեց, որ կուսակցությունն ի դեմս վարչության նախագահի, տարածել է հայտարարություն՝ նրանք, ովքեր ցանկանում են առաջադրվել ԱԺ առաջիկա ընտրություններում ցուցակում ընդգրկվելու համար, կարող են դիմել նոյեմբերի 1-30-ը, իսկ դեկտեմբերի 1-31-ը կհաստատվի ցուցակը, որից հետո համագումարում կդրվի քվեարկության, որտեղ էլ պատվիրակները կքվեարկեն, ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն կլինի առաջին համարը, այնուհետև ըստ ձայների քանակի կձևավորվի ցուցակը։
Հ.Սարգսյանն ասաց, որ այս պահին ունի երկու ճանապարհ՝ գնալ տուն և չլինել ցուցակում, երկրորդ՝ բողոքարկել վարչության որոշումը՝ իրացնելով կուսակցականի իր իրավունքները։
«Ես ընտրել եմ երկրորդ ճանապարհը՝ բողոքարկելու եմ վարչության որոշումը։ Սա անում եմ նաև իմ գաղափարակից ընկեր Նիկոլ Փաշինյանի համար»,- նշեց նա։
Հարցին՝ ունի՞ պատասխան, թե ինչու է վարչությունը մերժել իր առաջադրումը, նա ասաց. «Ես իմ գործունեությամբ «ցավացրել» եմ որոշ մարդկանց»։