Սևանի ափին ընտրողական «քանդում»․ շոու՝ հնամաշ տնակներով, լռություն՝ բետոնե դղյակների շուրջ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ Սևանա լճի տարածքում ապօրինի շինությունների ապամոնտաժման վերաբերյալ հայտարարությունը հնչեց կտրուկ և աներկբա։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ խոսքը վերաբերում էր այն շինություններին, որոնք պատկանում են ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին։

 

Հայտարարությունից օրեր անց ArmLur.am-ի նկարահանող խումբը Սևանա լճի տարածքում արձանագրեց արդեն կոնկրետ գործողություններ։ «Սևան» ազգային պարկի աշխատակիցները՝ տնօրեն Կարեն Մնացականյանի գլխավորությամբ, Գլխավոր դատախազի հանձնարարությամբ և Գեղարքունիքի մարզային դատախազ Գագիկ Այվազյանի հսկողությամբ, սկսել են ապամոնտաժման աշխատանքներ։

 

Սակայն տեսախցիկի ֆիքսած պատկերը ցույց է տալիս բոլորովին այլ իրականություն․ ապամոնտաժվում են ոչ թե Սևանի էկոհամակարգին ամենամեծ վնաս հասցնող կապիտալ շինությունները, այլ տարիներով չօգտագործվող, ժանգոտած երկաթյա տնակներ։ Գործընթացի սկիզբը դրվել է Սասուն Միքայելյանին վերագրվող առափնյա կառույցներից, որոնք արտաքին տեսքով ավելի շատ հիշեցնում են մետաղաջարդոն, քան շահագործվող շինություն։

 

Ստացվում է, որ Սասուն Միքայելյանի անունը այս գործընթացում օգտագործվում է որպես քաղաքական ուղերձ՝ ցույց տալու համար, թե իշխանությունն անգամ սեփական թիմակիցներին չի շրջանցում։ Սակայն փաստացի ընտրվել է ամենաքիչ ռիսկային տարբերակը՝ ցուցադրական քայլ, բարձր աղմուկ և տեսախցիկներ, բայց առանց էական ազդեցության Սևանա լճի իրական խնդիրների լուծման վրա։

 

Մինչ իշխանությունը կենտրոնացած է հնամաշ տնակների ապամոնտաժման վրա, Սևանա լճի ափին շարունակում են անխոչընդոտ շահագործվել հարյուրավոր բետոնե, բազմահարկ շինություններ։ Եթե կա իրական պայքար ապօրինի կառուցապատումների դեմ, այն պետք է լինի համատարած, հասցեական և համակարգային, այլ ոչ թե վերածվի քաղաքական PR-ի՝ մի քանի անվան շուրջ։

Մարգարիտա Դավթյան 

Meganews.am

 

 

 

Այս թեմայով
am