Միրզոյանի հետևից քիչ էր մնում ջուր շփեին․ ոչ թե ԵՄ-ի արտգործնախարարների հավաք էր, այլ ոչ պաշտոնական նախաճաշ. Մամիջանյան
Հայտարարվում էր, թե ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնում է մասնակցելու ԵՄ արտաքին գործերի նախարարների հավաքին, սակայն հետագայում պարզվեց, որ նա մասնակցել է ընդամենը ոչ պաշտոնական նախաճաշի։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ սա իշխանությունների հերթական մանիպուլյացիան է։ Մամիջանյանը հիշեցրել է, որ մեկ շաբաթ առաջ ևս հայտարարվում էր, թե Հայաստանը կնքում է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ։
«Փաստաթուղթը հրապարակվեց, և պարզ դարձավ, որ խոսքը ռազմավարական գործընկերության մասին չէ, այլ ընդամենը ռազմավարական օրակարգի՝ սովորական գործընկերության շրջանակում։ Ավելի պարզ ասած՝ ոչ թե շատ կարևոր հարաբերությունների փաստաթուղթ էր, այլ հարաբերությունների կարևոր փաստաթուղթ։ Փաշինյանի ոճին բնորոշ են նման խայտառակ մանիպուլյացիաներն ու ստերը, սա ուղղակի ծիծաղելի է»,- նշել է նա։
Մամիջանյանի խոսքով՝ իշխանությունները մշտապես փորձում են իրենց և շուրջ 50 քաղբանտարկյալների մեղադրել ինչ-որ արտաքին կապերի մեջ, սակայն փաստացի նման հոդվածներով որևէ քրեական գործ հարուցված չէ։
«Նույնիսկ այն անձանց նկատմամբ, որոնք շինծու մեղադրանքներով գտնվում են անազատության մեջ, «կարվել» են այլ հոդվածներ, բայց ոչ արտաքին ներգործության վերաբերյալ։ Փաշինյանն այդպես էլ չի հասկանում, որ այլևս ծախու խմբագիր չէ և չի կարող հանդես գալ օդում կախված լուրերով»,- հավելել է նա։