Կարկա՞ս, թե՞ տոնածառ. Գյումրիի կենտրոնական տոնածառը՝ քաղաքական շահարկման կիզակետում
Տոնածառային կրքերը Գյումրիում չեն հանդարտվում։ Իշխանության և որոշ ՀԿ-ների ներկայացուցիչներ մատնացույց են անում Գյումրիի կենտրոնական հրապարակի դեռևս անավարտ տոնածառը և հարցադրում անում՝ արդյո՞ք գյումրեցիները սրան էին արժանի։ Քաղաքային իշխանությունները հակադարձում են՝ աղմուկն արհեստական է, և Գյումրին կունենա թե՛ կենտրոնական գեղեցիկ տոնածառ, թե՛ տոնական տեսք։
ՔՊ գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյումրու քաղաքային ժամանակավոր իշխանություն և հովանավոր ավագանիներ, գո՞հ եք այս տեսարանից։ Դուք, որպես գյումրեցի և ավագանու անդամներ, բավարարվա՞ծ եք զգում ձեր ընդունած որոշման համար։ 24 մլն դրամը Գյումրու համայնքային բյուջեից սրա՞ համար էիք հատկացնում, թե՞ ձողերը հակահրդեհային նյութով պատելու համար լադիմիրիչների «դաբրոն» դեռ չեք ստացել։
Սիրելի՛ գյումրեցի, սրանք գնալո՛ւ են շուտով, մենք միասին ենք մեր քաղաքը մաքրելու անպատասխանատու համայնքային իշխանությունից»։
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրել է. «Ովքեր ասում են, թե գյումրեցիներն արժանի չեն նման վերաբերմունքի, ներողություն, շատ աղավաղված պատկերացում ունեն արժանապատվության և արժեքների մասին։ Գյումրին արժանի է, որ այսպիսի տոնածառ ունենա։ Չնվնվա՛ք։ Բնության մեջ անհատույց բան չկա»։
Թեև տեղադրված կարկասը ներկայացվում է որպես ավարտուն տոնածառ, Գյումրիի քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը հակադարձեց՝ մետաղական կարկասի վրա բնական ճյուղեր են հավաքվելու, որոնք արդեն բերվել են, և առաջիկա երկու օրում աշխատանքները կավարտվեն։
«Գյումրին գեղեցիկ տոնածառ է ունենալու։ Բնական ճյուղերից են հավաքելու, ճյուղերը բերվել են, առաջիկա երկու օրը կտեղադրվի։ Ինչու են աղմկում՝ չեմ հասկանում»,- Aysor.am-ին ասաց Աղեկյանը։
Նա զավեշտալի է համարում ներկայացնել միայն տոնածառի կարկասը և հայտարարել, թե դա է վերջնական տեսքը և որ գյումրեցիներն, իբր, դրան են արժանի․ «Մենք, իհարկե, հասկանում ենք՝ ինչու են այդքան աղմկում։ Տոնածառը շատ գեղեցիկ տեսք է ունենալու։ Ճյուղերի հավաքման աշխատանքները կավարտվեն, բոլորը կտեսնեն։ Իսկ նրանք, ովքեր մանիպուլացնում են՝ տեղադրելով միայն կարկասի նկարները և շահարկում, թե տոնածառն այս տեսքն է ունենալու, ինչ ասեմ՝ ասելիք չունեմ»։
Աղեկյանը նաև ընդգծեց, որ քաղաքը ևս տոնական տեսք է ունենալու։ «Քաղաքն արդեն զարդարվում է՝ քաղաքապետարանն իր մասով։ Բացի այդ, հայտարարել ենք ավանդական մրցույթ՝ լավագույն զարդարված տարածքների համար, նախատեսված են նաև մրցանակներ։ Աղմուկն արհեստական է։ Պարզապես, պետք է հասկանալ՝ ում է ծառայում այդ աղմուկը»,-ասաց նա։
Նշենք, որ Գյումրիի տոնածառի թեման իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների կողմից թիրախավորվել էր՝ հարցադրումով, թե ինչու է քաղաքի կենտրոնում տեղադրվում հին տոնածառը, այլ ոչ թե նորը, որը նախորդ տարի կառավարությունն էր նվիրել։ Բացի այդ, հին տոնածառի վերանորոգման նպատակով հատկացվել էր ևս 24 մլն դրամ։ Իշխանության ներկայացուցիչները հայտարարել էին, որ նոր տոնածառը Գյումրիում չի տեղադրվում՝ քինախնդրությունից ելնելով։