Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Օրերս ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» քանդակը տեղադրվել է Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում։ Այն համացանցում մեծ քննարկումների ու քննադատությունների առիթ դարձավ։
Օգտատերերը քննադատում էին, որ քանդակագործը Պարույր Սևակի կերպարը ճիշտ չի ներկայացրել։
Aysor.am-ի հետ զրույցում քանդակագործը նշեց, որ տեղյակ է քննադատություններից. «Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս։ Մինչև հիմա ինձ այդքան մարդ չէր զանգել։ Հիմա ստիպված պետք է բոլորին պատմեմ քանդակից։ Ես խնդրում եմ՝ գնացեք, քանդակն անձամբ տեսեք, դպրոցի տնօրենի հետ խոսեք, կտեսնեք, որ այդտեղ ոչ մի սարսափելի բան չկա։ Ես ոչ թե Պարույր Սևակի անձն եմ քանդակել, ես գաղափարական կոմպոզիցիա եմ ստեղծել, որը կոչվում է «Անլռելի զանգակատուն։ Ի՞նչ են իրար խառնվել։ Մեկն ասում է՝ ձեռքերն են մեծ, մեկն ասում է՝ քիթն է մեծ։ Ախր հո էդպե՞ս չի։ Կարող է ձեռքերն էլ մեծ լինեն, էդտեղ ի՞նչ կա։ Դուք հիշո՞ւմ եք՝ Առնո Բաբաջանյանի քանդակի հետ կապված ինչ պատմություններ եղան, էլի բզկտեցին, խեղճ քանդակագործին ինֆարկտի հասցրին, մահացավ։ Հիմա այդ բոլոր ասողները մահացել, գնացել են, բայց քանդակը կա»։