Դպրոցականների համար նախատեսված անցումը դարձել է վթարների կիզակետ․ համայնքը պահանջում է Երևանի քաղաքապետարանից անհապաղ միջամտություն

Վիկտոր Համբարձումյան դպրոցի հարևանությամբ գծանշված անցումը, որը նախատեսված էր երեխաների անվտանգ անցման համար, այսօր իրական վտանգ է ներկայացնում՝ չնայած ընդամենը 100 մետր հեռու գործող լուսացույցով խաչմերուկին։ Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի փողոցում, վտանգավոր իրավիճակը շարունակվում է։ Տարածքի բնակիչներն ու Վիկտոր Համբարձումյան դպրոցի ծնողները բարձրաձայնում են, որ տարիներ առաջ հատուկ դպրոցականների անվտանգության համար գծանշված հետիոտնային անցումը այսօր դարձել է վթարների հիմնական կետերից մեկը։

Խնդրի պատճառը պարզ է․ հետիոտնի համար նախատեսված գծանշումը տեղադրվել է ուղիղ այդ անցման վրա, ինչը շփոթեցնում է վարորդներին, խաթարում երթևեկության հոսքը և վտանգում երեխաների անվտանգությունը։

«Երբ 100 մետր այն կողմ լուսացույց կա, անհասկանալի է, թե ինչու այստեղ պետք է վտանգ ստեղծվի»։ Տարածքում գործող լուսացույցով խաչմերուկը գտնվում է մոտ 100 մետր հեռավորության վրա, սակայն վտանգը կենտրոնացել է հենց դպրոցին կից հատվածում։

Շենգավիթի բնակիչներից մեկը նշում է․

«Մի քանի քայլ այն կողմ կա լիարժեք լուսացույց, բայց վտանգը թողնված է հենց այն վայրում, որտեղ ամեն օր անցնում են երեխաներ։ Սա անընդունելի է»։

Տարիների ընթացքում այստեղ արձանագրվել են մի շարք վթարներ, որոնց մի մասը ունեցել է ծանր հետևանքներ։ Սա համայնքի համար դարձել է անհանգստության լուրջ պատճառ։

Համայնքի կոչը հստակ է՝ Երևանի քաղաքապետարանը պետք է միջամտի

Տարածքի բնակիչները ընդգծում են, որ խնդիրը չի կարող լուծվել անորոշ սպասումներով։ Մենք ուղղակիորեն հրավիրում ենք Երևանի քաղաքապետարանի ուշադրությունը, որպեսզի հարցին տրվի հստակ, արագ և արդյունավետ լուծում՝ այլ ոչ թե անտարբերություն։

Պահանջվող քայլերը պարզ են․

 

  • հանել սխալ գծանշումը, կամ
  • տեղադրել լուսացույց, որը կկանոնակարգի մեքենաների և հետիոտնների անվտանգ շարժը։

 

Դպրոցի ծնողներից մեկը ավելացնում է․

«Այս անցումը արվել էր մեր երեխաների համար, բայց հիմա այն վտանգ է ներկայացնում հենց նրանց։ Անհրաժեշտ է լուծում, ոչ թե հերթական խոստումներ»։

Անմիջական գործողությունը կարևոր է, քանի դեռ հնարավոր է կանխել հետագա դեպքերը։ Համայնքը սպասում է կոնկրետ քայլերի՝ ոչ թե արձագանքների։ Վտանգավոր իրավիճակի շարունակումը կարող է միայն սրել խնդիրները, մինչդեռ լուծումը տեխնիկապես հասանելի ու իրագործելի է։

 

«Նկարն արվել է 08.12.25-ին։ Այս հատվածում, որը գծանշված է հատուկ հետնոտի համար, արդեն տեղի է ունեցել վթար»։

Մարգարիտա Դավթյան

Meganews.am

Այս թեմայով
am