Մի քիչ դադար վերցնեմ ակտիվ քաղաքականությունից. Հրաչյա Հակոբյանը՝ չառաջադրվելու մասին
Լրագրողները ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանից հետաքրքրվեցին, թե ինչու որոշեց 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակում չընդգրկվել:
«Ուղղակի չուզեցի առաջադրվել: Որևէ պատճառ չկա, ուղղակի մի քիչ դադար վերցնեմ ակտիվ քաղաքականությունից: Քաղաքականությունից դուրս չեմ գալիս, կլինեմ կուսակցական. կարծում եմ՝ կմասնակցեմ կուսակցության նիստերին, ոչ այնքան ակտիվ, բայց, այնուամենայնիվ, կմասնակցեմ, բայց շատ ակտիվ քաղաքականությամբ չեմ զբաղվի»,-ասաց նա:
Իսկ թե ինչով է զբաղվելու, Հակոբյանն արձագանքեց. «Չեմ մտածել դեռ այդ ուղղությամբ: Առաջին անգամ եմ լսում, որ ես որևէ տեղ դեսպան նշանակվեմ: Հետագա իմ աշխատանքի հետ կապված քննարկում չի եղել»։
Հակոբյանը նշեց, որ որոշման մասին Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունեցել է և տեղյակ է պահել: «Շատ նորմալ արձագանքեց: Քարոզարշավին մասնակցելու եմ: Կուսակցության անդամ եմ, շարունակելու եմ լինել կուսակցության անդամ և մասնակցելու եմ թե՛ քարոզարշավներին, թե՛ կուսակցության ժողովներին»,- ասաց նա: