Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց զինծառայության ժամկետի կրճատման նախագծին
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու վերաբերյալ Կառավարության ներկայացրած օրենքի նախագծին:
Այն հանձնաժողովի նիստում ներկայացրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026թ. հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա: 2025թ. ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026թ. հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025թ. ձմեռային զորակոչից սկսած՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները»,- ասել է Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով՝ ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման և ընդլայնման ուղղությամբ կատարված և շարունակական աշխատանքների շնորհիվ: