Զինծառայությունը կրճատելով՝ երիտասարդը վեց ամիս շուտ կամուսնանա, կաշխատի ու հարկ կվճարի. Արմեն Խաչատրյան
«Պետք է ասեմ, որ նախագիծը երկրորդական արդյունքներ ու ազդեցություններ ունի: Մենք բոլորս պետք է ուրախանանք, այդ թվում՝ դուք, պարո՛ն Աբրահամյան, որովհետև վեց ամիս կրճատելով պարտադիր ժամկետային ծառայությունը՝ երիտասարդը շուտ կամուսնանա, շուտ երեխա կունենա, շուտ ուսում կստանա և վեց ամիս շուտ հարկ կվճարի»:
Այս մասին ասել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքին, թե հանրության համար հաճելի նախագիծ է քննարկվում, բայց երբ մարդը սկսում է սառը դատողությամբ դիտարկել, սկսում է մտածել նաև այն մասին, թե այս փոփոխությունը միջնաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով իր կամ իր անվտանգության միջավայրի վրա ինչ ազդեցություն է ունենալու:
Խաչատրյանի դիտարկմամբ՝ այս պրոցեսը նախատեսված է եղել դեռևս 2021 թվականին Կառավարության ծրագրով, որում հստակ նշված է եղել, որ պարտադիր զինծառայության ժամկետը պետք է կրճատվի:
«Պաշտպանության նախարարությունը սովորական նախագիծ չի ներկայացնում, որովհետև որպեսզի հասնենք սրան, բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել Զինված ուժերում, որի արդյունքում հնարավոր է եղել ստանալ այս հաճելի նախագիծը: Այո, հանրության համար պետք է հաճելի լինի»,- նշել է Խաչատրյանը:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր Զինծառայողի կարգավիճակի մասին օրինագիծը, որին հանձնաժողովը հավանություն է տվել։