Արդյոք Անահիտ Ավանեսյանը կարո՞ղ էր իրեն թույլ տալ 3157 դոլարանոց պայուսակ. նախարարի եկամուտները
Օրեր առաջ լրատվամիջոցները գրեցին, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 3157 դոլար արժողությամբ պայուսակ է կրում։
Նյութին անդրադարձել է նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ ըստ էության հերքելով, թե նախարարը թանկարժեք գոտի, զարդեր ու կոշիկներ է կրում։ Ըստ խոսնակի՝ նախարարի կոստյումի արժեքը 100 հազար դրամ է։
Հարցին անդրադարձավ նաև Անահիտ Ավանեսյանը։
Ըստ էության՝ ո՛չ նախարարը, ո՛չ խոսնակը չհերքեցին պայուսակի արժեքը։
24News-ը ուսումնասիրել է նախարարի` 2024-ի տարեկան հայտարարագիրը։ Ավանեսյանը հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով բնակարան Արաբկիր վարչական շրջանում և ամառանոց Արագածոտնի Ղազարավան բնակավայրում։
Ավանեսյանն ունի 2012 թվականի թողարկման Ford մակնիշի ավոտմեքենա, որը ձեռք է բերել 2015 թվականին։ Նախարարը բանկերից մեկում 40,035 դոլարի չափով ավանդ ունի։
Անահիտ Ավանեսյանը 2011 թվականին Թորգում և Մարգուշ Վարդանյաններից գնել է բաժնեմաս՝ մեկ միլիոն դրամով։
Տարվա սկզբում բանկային հաշիվների մնացորդները եղել են 0 դոլար, 0 դրամ, 73,52 եվրո, տարվա վերջում՝ 2576 դոլար, 67 հազար դրամ, 14,26 եվրո։
Անահիտ Ավանեսյանը տարվա սկզբում ունեցել է 1,500,000 դրամ կանխիկ գումար, իսկ տարվա վերջում՝ 250 հազար դրամ։
Առողջապահության նախարարությունից Անահիտ Ավանեսյանը ստացել է 20,344,702 դրամ աշխատավարձ, իսկ «Աբովյան 39» ՍՊԸ-ի բաժնեմասից՝ 11,883,093 դրամ։ Ընդհանուր առմամբ, 2024-ի ընթացքում ստացել է 32,227,795 դրամ եկամուտ։