Վարդան Ղուկասյանի որդուն դատարանում կատարած հայտարարության համար են ձերբակալել. Պաշտպան
Նախնական տեղեկություններով՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին ձերբակալել են երեկ դատարանում կատարած իր հայտարությունների համար: Այդ մասին Aysor.am-ին ասաց նրա պաշտպաններից Արամայիս Հայրապետյանը:
«Դժգոհություն է հայտնել կոնկրետ անձի դեմ: Ըստ էության, հենց խափանման միջոցը փոխելու համար են Երևան տարել, որ կալանավորեն»,- ասաց փաստաբանը:
Սպարտակ Ղուկասյանը տնային կալանքի մեջ է՝ շորթման հարկադրելու մեղադրանքով։ Նա, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, «օգտագործելով իր սոցիալական դիրքը և հեղինակությունը, Գյումրի համայնքին պատկանող գույքն իրենը դարձնելու նպատակով՝ բեռնատարի վարորդից պահանջել է մեքենայի թափքին բեռնված և Գյումրի համայնքին պատկանող գույքը տեղափոխել իր ընտանիքին պատկանող հանգստյան գոտի՝ գույքն իրենը դարձնելու նպատակով»։
Այս գործով այսօր ոստիկանների ուղեկցությամբ հարցաքննության էր տարվել Շիրակի մարզային քննչական վարչություն, երբ, ըստ փաստաբանի, մի խումբ դիմակավորված անձինք առևանգմանը նման գործողություններով Ղուկասյանին տարել են Երևանի քննչական վարչություն:
Քիչ առաջ էլ Քննչական կոմիտեից հայտնեցին՝Ղուկասյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):