Միրզոյանը պատրաստ է աջակցել Սիրիայի ականազերծմանը
ԱԳՆ-ից հաղորդագրություն են տարածել.
«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սիրիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով, այդ թվում՝ փոխայցելությունների միջոցով ակտիվացնել քաղաքական երկխոսությունն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը:
Ընդգծել է, որ փոխգործակցության զարգացման համար ամուր հիմքեր են ստեղծել Հայաստանի և Սիրիայի, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերությունները։
Որպես զարգացման ներուժ ունեցող ուղղություններ, առանձնանշվել են տնտեսական, ներդրումների խթանման ոլորտները, հումանիտար ծրագրերը: Վերջինիս համատեքստում նախարար Միրզոյանը հայտնել է հումանիտար ականազերծման աշխատանքներում ՀՀ աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը:
Արարատ Միրզոյանն ու Ասադ Ալ-Շայբանին անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին: Սիրիայի ԱԳ նախարարը ՀՀ գործընկերոջը շնորհավորել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կապակցությամբ, մտքեր են փոխանակվել խաղաղության շարունակական ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ»: