Առողջության համընդհանուր ապահովագրման ներդրման վերաբերյալ փաթեթն ընդունվեց, բայց Փաշինյանը զգուշացրեց՝ բոլոր ծառայությունները չէ, որ ծախսածածկելու է

Կառավարությունն ընդունել է Առողջության համընդհանուր ապահովագրման ներդրման վերաբերյալ փաթեթը։

«Մենք հաստատեցինք օրենսդրական ամբողջ փաթեթը, որի մեջ ներառված է եղել Առողջության համընդանուր ապահովագրության մասին օրենքը և հարակից օրենքների նախագծերը։ Ըստ էության, նախագծերն արդեն ուղարկվել են Ազգային ժողով»,- կառավարության նիստում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախագիծը համարվել է անհետաձգելի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ընկալում է եղել, որ, գուցե, պետք չէ ներդնել հունվարի 1-ից, այլ՝ մի քիչ ավելի ուշ, բայց ինքը կողմ չի եղել դրան։

«Պարզ է՝ ունենք լարվածություն, թե համակարգը ոնց կաշխատի, բայց մեր փորձը ցույց է տալիս, որ չկա բարեփոխում, որ չգնա ու չհանդիպի պրոբլեմի։ Եկեք հույս չունենանք, որ մենք այնպիսի մի բան ենք անելու, որն առաջին վայրկյաններից սահուն է գնալու, բնության մեջ նման բան չի լինում»,- նշեց նա։

Փաշինյանը հայտարարեց, թե ապահովագրությունը համապարփակ չէ, չի ծածկելու առողջապահական հնարավոր բոլոր ծախսերը։

«Համակարգը համընդհանուր է, բայց հունվարի 1-ից բոլորին չի ներառելու, ընդամենն առաջին փուլն է, բայց հունվարի 1-ից ում ներառեց, էլի  բոլոր ծառայությունները չէ, որ ծախսածածկելու է, նույնիսկ ներառված ծառայությունների մեջ կան բազմաթիվ ծառայություններ, որոնք էլի ամբողջությամբ չի ծածկելու, այլ որոշակի հատվածով ֆինանսական աջակցություն է ցուցաբերվելու»,- մանրամասնեց Փաշինյանը։

Այս թեմայով
am