«Կանաչ տարածքները կորցնելու ենք ամբողջությամբ». Ավագանու անդամը շեշտում է՝ «Կասկադի» արդիականացման նախագիծը ստեղծողները «Կասկադը» չեն էլ տեսել
«Մենք կանաչ տարածքները կորցնելու ենք ամբողջությամբ: Բետոնային ծածկույթ է առաջարկվում կիսաանապատային կլիմայական պայմաններում գտնվող Երևանի համար, որը, հակառակը, ունի կանաչ գոտիների կարիք։ Կանաչ գոտին ամբողջությամբ վերանալու է այդ հատվածում»,- Aysor.am-ին ասաց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Նարե Արամյանը՝անդրադառանալով «Կասկադ» համալիրի արդիականացման նախագծին:
Նրա խոսքով՝ նախագիծը ոչ միայն հակասում է «Կասկադի» քաղաքաշինական տեսքին, հորինվածքին ու հայկական ճարտարապետությանը հատուկ տարրին, այլև Երևան քաղաքի հետ ընդհանուր ոչ մի բան չունի.
«Նախագիծը մտածողները որևէ կերպ Երևանի ուսումնասիրությանը չեն լծվել, Կասկադն էլ անձամբ չեն տեսել»:
Նարե Արամյանի խոսքով՝ ոչ ոք չի վիճում, որ Կասկադն անհրաժեշտ է բարեկարգել, սակայն առանց հանրային քննարկումների, մասնագիտական աշխատանքային խմբերի՝ այսպիսի որոշումներ կայացնել չի կարելի.
«Առավել ևս՝ անցնել շինարարական, քանդման կամ կառուցապատման աշխատանքների»: