Փաշինյանը․ «Ցորեն առնելն ամուսնությո՞ւն է, մենք ոչ մեկի հետ այդպիսի հարաբերության մեջ չենք մտել»
Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն գնելուց, սակայն պետք է ուսումնասիրի շուկան և տեսնի, թե ինչ այլ առաջարկներ կան, նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում։
«Ես երաշխավորում եմ, որ բացառված է, որ մեկը գա ասի՝ ցորեն ունենք, կարո՞ղ է առնեք, մենք ականջներս փակենք ու վազենք այնտեղից։ Երբ տեսել են, որ մենք Ղազախստանից ենք ձեռք բերել, այլ վաճառողներ էլ են հետաքրքրվել՝ գուցե մեզանից էլ ուզե՞ք։ Մենք էլ ասում ենք՝ գինը ասեք։ Եթե հետաքրքիր է՝ կասենք՝ հետաքրքիր է, եթե ոչ՝ ոչ», — ասաց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ տարբեր աղբյուրներից ցորեն գնելը բնական տնտեսական գործընթաց է․
«Ցորեն առնելն ամուսնությո՞ւն է։ Մենք նույնիսկ Եզրասի օրհնությամբ ոչ մեկի հետ նման հարաբերության մեջ չենք մտել։ Հիմա ո՞րն է խնդիրը»։
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱՀԾ-ն հայտարարել էր, թե Հայաստանը քաղաքական պատճառներով փորձում է հեռանալ Մոսկվայից և աջակցել Կիևին՝ Ուկրաինայից ավելի թանկ հացահատիկ գնելով։
Մարգարիտա Դավթյան
Meganews.am