Անդրանիկ Քոչարյան․ «Գաղտնալսել ԱԱԾ տնօրենին նշանակում է՝ գաղտնալսել պետական բոլոր կառույցներին»

ԱԺ նոյեմբերի 12-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին գաղտնալսումների վերաբերյալ, նշեց, որ նման գործողություններ իրականացրել է ոչ միայն ԱԱԾ-ն․

«Գաղտնալսումներ ոչ միայն անում է ԱԱԾ-ն, բայց դուք տեսաք, որ գաղտնալսում արեցին նաև պարոն Վանեցյանին, որը ԱԱԾ տնօրեն էր։ Դժվար թե պարոն Վանեցյանն ինքն իրեն գաղտնալսեր»,— ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ երբ Արթուր Վանեցյանը այլևս ԱԱԾ տնօրենի պաշտոնը չէր զբաղեցնում, ինքը նրան հարց է ուղղել այդ թեմայով։

«Պարոն Վանեցյանն ասաց, որ մենք բացահայտել ենք։ Ասացի՝ այդ դեպքում ասա՛ անունը՝ ո՞վ է արել, կամ որտեղից են արել։ Ասացին ինչ-որ սխեմաներ՝ դրսից, ներսից և այլն, բայց դա բավարար չէր։ Գլխավոր դատախազությունը պետք է նրան ավելի հստակ հարցեր տար և պարզեր՝ որտեղի՞ց է տեղեկությունը, թե ով է գաղտնալսել։ Գաղտնալսել ԱԱԾ տնօրենին նշանակում է՝ գաղտնալսել պետական բոլոր կառույցներին՝ փակ և բաց, ինչը անթույլատրելի է օտարների կողմից»,— ընդգծեց պատգամավորը։

Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ՝ գաղտնալսված նյութերի շրջանառության փաստը պետք է դառնա իրավապահ մարմինների լուրջ քննության առարկա։

«Եթե գաղտնալսումը արվել է ՀՀ պատկան մարմինների կողմից, ապա ինչպես կարող է այն դուրս գալ իր գաղտնիության տիրույթից։ Այդ բացահայտումը շատ կարևոր է, որպեսզի և՛ շարքային գաղտնալսողը, և՛ որոշում կայացնողը զրկվեն նման գայթակղությունից։ Տեխնիկական միջոցների հետևում մարդիկ են կանգնած, որոնք կարող են լսած ձայնագրությունները օգտագործել այլ նպատակներով։ Ահա հենց այդ երևույթի բացահայտումն է, որ կարող է փոխել անվստահության մթնոլորտը մեր երկրի ներսում»,— եզրափակեց նա։

 

Այս թեմայով
am