Իվետա Տոնոյանը ձևավորում է նոր քաղաքական մշակույթ․ խոստումներից՝ գործնական արդյունքների

«Գագիկ Ծառուկյանի թիմի առանցքային անդամը ներկայացնում է թափանցիկ հաղորդակցության և իրական նախաձեռնությունների նոր ձևաչափ՝ հանրային վստահությունը վերականգնելու նպատակով»։

Օրեր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախկին ղեկավար, այժմ Գագիկ Ծառուկյանի քաղաքական թիմի առանցքային անդամ Իվետա Տոնոյանը ներկայացրեց իր նոր քաղաքական ձևաչափը՝ հիմնված թափանցիկ հաղորդակցության, գործնական նախաձեռնությունների և հստակ ուղերձների վրա։ Տոնոյանի խոսքով՝ նպատակն է հանրության հետ բաց ու համակարգված կապ հաստատելը՝ թիմի գործունեության մասին տեղեկությունը դարձնելով առավել հասանելի և ընկալելի։

 

Նրա նախաձեռնած ձևաչափը, որը միտված է ժամանակակից քաղաքական մշակույթի ձևավորմանը, շեշտադրում է հաշվետու աշխատանքի և հասարակական վստահության ամրապնդման կարևորությունը՝ հատկապես այն պայմաններում, երբ հանրային պահանջը քաղաքական պատասխանատվության նկատմամբ օր օրի բարձրանում է։ Տոնոյանի ներկայացրած նախաձեռնություններից առաջինը՝ «Առաջարկ Հայաստանին» նախագիծն է, որն արդեն իսկ լայն արձագանք է գտել։ Գագիկ Ծառուկյանի բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ իրականացվող այս մրցույթը միավորել է հարյուրավոր երիտասարդների Հայաստանի տարբեր մարզերից և սփյուռքից։ Նախագծի թեմատիկ շրջանակը՝ կրթություն, զբաղվածություն, հայրենադարձություն, առողջ ապրելակերպ, ընդգծում է թիմի մոտեցումը, ըստ որի՝ քաղաքականությունը սկսվում է գաղափարից, իսկ հաջողությունը՝ մասնակցությունից։ Հայտերի ուսումնասիրությունն իրականացվում է անկախ և մասնագիտական հանձնախմբի կողմից, ինչը ապահովում է մրցույթի արդար ընթացքն ու գաղափարների արժանի գնահատումը։

Այս նախաձեռնությունն ըստ էության ոչ միայն սոցիալական, այլև ռազմավարական ներդրում է՝ ուղղված նոր մտածողության և նոր մոտեցումների ձևավորմանը։

 

Տոնոյանի քաղաքական օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նաև թմրամոլության դեմ պայքարը, որը նա ներկայացնում է որպես ազգային անվտանգության հարց։ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ այս ուղղությամբ ձևավորվում է լայն հանրային շարժում, որին միացել են մարզաշխարհի մի շարք հայտնի գործիչներ։ Տոնոյանի համոզմամբ՝ այս պայքարում ոչ մի կոմպրոմիս չի կարող լինել, և յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր մասնակցությունն ունենա՝ անկախ պաշտոնից կամ սոցիալական կարգավիճակից։

 

Տոնոյանի ներկայացրած երրորդ կարևոր նախաձեռնությունը վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների աջակցությանը։ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ՝ ծրագրի համակարգումը վստահվել է պատերազմի հերոս Էրիկ Եղյանին, որը սեփական օրինակով ցույց է տալիս՝ կամքը և հավատը կարող են հաղթել ամենադժվար հետևանքներին։ Նախաձեռնությունը «Օլիմպավանը» վերածում է ոչ միայն մարզական, այլև հոգեբանական վերականգնման կենտրոնի՝ նպաստելով վիրավոր զինծառայողների սոցիալական ինտեգրմանը և ինքնավերականգնմանը։

 

Իվետա Տոնոյանի նախաձեռնությունները փաստում են, որ թիմը որդեգրել է նոր քաղաքական փիլիսոփայություն՝ հիմնված հաշվետվողականության, նախաձեռնողականության և հանրային կապերի նոր որակի վրա։ Այս մոտեցումն իր հստակ ուղերձն ունի՝ գործել ոչ թե հայտարարություններով, այլ իրական քայլերով, և ապացուցել, որ քաղաքականությունն առավել արդյունավետ է, երբ այն ծառայում է մարդկանց, ոչ թե միայն խոստումներին։

Մարգարիտա Դավթյան 

Meganews.am

Այս թեմայով
am