ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո. Փաշինյանը խոսեց բանակցային փաթեթի հրապարակման ժամկետի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում մեկնաբանեց իր հայտարարությունը, ըստ որի՝ բանակցային փաթեթը կհրապարակվի մինչև տարեվերջ։
«Ասել եմ, որ բանակցային փաթեթը կհրապարակեմ մինչև տարեվերջ։ Դա պատահական չէ։ Եթե մի քիչ մտածեն, կհասկանան՝ ինչու հենց հիմա և ինչու մինչև տարվա վերջ», — նշեց Փաշինյանը։
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք փաստաթղթերի հրապարակման նպատակն ընտրություններին ընդառաջ է, վարչապետը պատասխանեց.
«Ո՛չ, ընտրություններին ընդառաջ չէ։ Լա՛վ, հիմա ասեմ․ ես նախկինում էլ ասել եմ, որ այդ փաթեթի տերը միայն մենք չենք։ Ենթադրվում է, որ մինչև տարվա վերջ դե յուրե ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի, և այդ բարոյական ու քաղաքական արգելքը կվերանա։ Այսինքն՝ այդ սուբյեկտը չի լինի, և մենք ազատ կլինենք այդ փաստաթղթերը հրապարակել»։
Վարչապետը նաև անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակին, որը ենթադրաբար առնչվում է բանակցային գործընթացին։ Փաշինյանի խոսքով՝ նա հանձնարարել է սկսել նամակի գաղտնազերծման գործընթացը, սակայն մանրամասներ չի ներկայացրել՝ նշելով միայն, որ նամակը հասցեագրված է այլ երկրի ղեկավարի։
Մարգարիտա Դավթյան