Այսօր մեր կառուցած դղյակները դպրոցներն ու մանկապարտեզներն են, իսկ լավ աշխատանքի իրական արդյունքը ոչ թե մեր ընտանիքի բարեկեցությունն է, այլ բյուջեի եկամուտների ավելացումը. Հովհաննիսյան
Այսօր մեր կառուցած դղյակները դպրոցներն ու մանկապարտեզներն են, իսկ լավ աշխատանքի իրական արդյունքը ոչ թե մեր ընտանիքի բարեկեցությունն է, այլ բյուջեի եկամուտների ավելացումը, կամ որ նույն է՝ հայաստանցիների բարեկեցության բարձրացումը, որի ազդեցությունը զգում է յուրաքանչյուրը, ԱԺ-ում հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ իրենց մոտեցումների ազդեցությունը տնտեսության զարգացման վրա ոչ միայն տեսանելի է, այլ նաև՝ չափելի.«Մեր իրականացրած քաղաքականություններն արտահայտվում են ֆինանսական կայունության, եկամուտների աճի, ներդրումային միջավայրի վերափոխման և տնտեսության ներառական ու երկարաժամկետ աճի մեջ։ Պետք է հասկանալ, թե ինչպիսի գլոբալ և տարածաշրջանային միջավայրում ենք մենք գործում։ 2025 թվականին համաշխարհային տնտեսությունը, չնայած առևտրային լարվածություններին և աշխարհաքաղաքական անորոշություններին, ցույց տվեց բավականին բարձր դիմադրողականություն»։