Բագրատ Սրբազանին վերագրվող «ահաբեկչության պլանը» մի թղթի կտոր է՝ 2023-ին այլ մարդու կողմից գրված ոչ ադեկվատ մտքերով. Խուդոյանը մանրամասներ հայտնեց

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հարցաքննվել է Քննչական կոմիտեում «ահաբեկչության» գործից առանձնացված մասով, որը դեռ նախաքննական փուլում է: Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն Aysor.am-ին ասաց՝  այդ առանձնացված մասի նախաքննությամբ փորձում են գործի նոր մասնակիցներ գտնել:

Այսօրվա հարցաքննության հիմքում դրել են իբրև Բագրատ Սրբազանի ձեռքով գրված  ենթադրյալ «ահաբեկչության պլանը», որի մասին Ազգային ժողովում խոսել էր Քննչական կոմիտեի նախագահը:

Պաշտպանը պատմեց, որ Բագրատ Սրբազանի ձեռքով գրված «ահաբեկչության պլան», ինչպես պնդել է ՔԿ նախագահը, բնականաբար, չկա, բայց իր տանը մի ոչ ադեկվատ գրությամբ թղթի կտոր է հայտնաբերվել, վերագրվել Բագրատ Սրբազանին.

«Տանը մի ինչ-որ ձեռագիր փաստաթուղթ է եղել՝ այլ մարդու կողմից գրված, ոչ ադեկվատ բովանդակությամբ: «Սրբազան շարժման» ժամանակ ինչ-որ մարդ իր մտքերը հանձնել է թղթին, տվել է իրեն, դրել են սևագրերի հետ, գնացել է, եղել է  դարակում: Քննչականը դա  է հայտնաբերել, բայց ի սկզբանե դրան ուշադրություն չեն դարձրել, գործն ուղարկել են դատարան: Հիմա ինչ-որ մեկը տեսել է՝ այդ թղթի մեջ կա գրված «ահաբեկչություն» բառ: Մինչդեռ այդ թղթի վրա շատ տարբեր բաներ կան գրված,  ընդ որում՝ այնպիսի մտքեր, որ սթափ մարդը չի կարող  թղթին հանձնի ու նաև դա թվագրված է՝ 2023 թվական։ Ենթադրում եմ՝ այդ ձեռագիրը նկատի ուներ Քննչական կոմիտեի նախագահը՝ «ահաբեկչության պլան» ասելով»:

Պաշտպանի խոսքով, առաջիկայում իրենք էլ կհրապարակեն այդ փաստաթուղթը, որ պարզ լինի՝ ինչի մասին է  խոսքը, եթե, իհարկե,  սահմանված ժամկետում վարույթ իրականացնող մարմինը  չհրապարակի:   

«Ենթադրում եմ՝ այս անորոշ գործողությունները  Քննչական կոմիտեի նախագահի դեմքը փրկելու համար են անում»,- ասաց Խուդոյանը:

Այս թեմայով
am