Ահռելի քանակությամբ ռազմական տեխնիկա եք հանձնել ու թողել Ադրբեջանին, քաղաքացիների և երկրի անվտանգությունը չեք ապահովել, ու դեռ խոսում եք այս կամ այն տեխնիկայի տարեթվի, որակի կամ մոդելի մասին ...

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նախկինում բանակի ունեցած զենքի ու սպառազինության որակի վերաբերյալ, ընդգծում է՝ այն իշխանությունը, որն ահռելի քանակությամբ զենք ու տեխնիկա է հանձնել ու թողել թշնամուն, ոչ մի իրավունք չունի խոսելու այդ թեմայով։

«Եվս մեկ առանձնահատկություն սպառազինության և ռազմական տեխնիկայի մասին:

Այն իշխանությունը, որն այնպիսի քանակությամբ ռազմական տեխնիկա է հանձնել/թողել Ադրբեջանին, ինչի հիման վրա Բաքվում պուրակ-թանգարան են հիմնել, որևէ քաղաքական և բարոյական իրավունք չունի խոսելու մինչև 2018 թվականը ՀՀ-ի տիրապետած ռազմական տեխնիկայի և սպառազինության մասին:

Ադրբեջանը միլիարդավոր դոլարների սպառազինություն ոչնչացրել և որպես ավար՝ խլել է, բազմաթիվ ռազմական օբյեկտներ և ռազմական նշանակության նշանակետներ է խոցել, իսկ սրանք խոսում են այս կամ այն տեխնիկայի տարեթվի, որակի կամ մոդելի մասին:

Դուք 2018-ին հայտարարած նշաձողը գցել եք ձեր ոտքին, մեր քաղաքացիների և երկրի անվտանգությունը չեք ապահովել, իսկ ձեր քաղաքական կուրսն առավել խոցելի է դարձրել մեր երկիրը:

Ձեր «ավանդը» տասնամյակներով մեզ թողած բազմաթիվ սպառնալիքներն են, որոնց չեզոքացման համար հսկայական ջանքեր են պահանջվելու»,- սոցցանցի իր էջում գրել է Աբրահամյանը:

Այս թեմայով
am