Ու պարզվելու է, որ այդ ճանապարհներն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. Զուրաբյան
«Շատ վտանգավոր եմ համարում, որ Փաշինյանն սկսել է խոսել Արծվաշենի վերադարձի մասին։
Դա նշանակում է մի բան՝ ինքն արդեն պատրաստվում է, կամ իրենից արդեն պահանջում են, որ տա Տիգրանաշենը, Տավուշի մարզի «անկլավները»։ Սա շատ վտանգավոր զարգացում է, և հերթական անգամ ցուց է տալիս Ադրբեջանի դիկտատը Հայաստանի նկատմամբ»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե «սահմանազատման արդյունքում Արծվաշենն ու ՀՀ օկուպացված տարածքները վերադարձվելու են»։
Զուրաբյանը հիշեցրեց՝ Տավուշի մարզի տարածքները, որոնք Ադրբեջանը համարում է իրենը, մեզ համար շատ կարևոր, ստրատեգիական նշանակության ճանապարհների վրա են։
«Ու պարզվելու է, որ այդ ճանապարհներն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչը, կարծում եմ, շատ վտանգավոր բան է։ Արծվաշենն այդ առումով ոչ մի պրոբլեմ չի ներկայացնում Ադրբեջանի համար․ շատ կտրված կղզյակ է, և ստրատեգիական առումով որևէ բարդություն չի առաջանալու Ադրբեջանի համար»,- ասաց նա։
Զուրաբյանի խոսքով՝ մեր պարագայում հակառակն է, և եթե Նիկոլ Փաշինյանը գնա նման փոխանակման, ապա հերթական, մեծ հարվածը կհասցնի Հայաստանի ռազմավարական շահերին ու անվտանգությանը։