Նոր թաղապետ, նոր ռիթմ․ Տիգրան Գաբրիելյանը ձեռքը դրել է Շենգավիթի զարկերակին

Նոր ղեկավարը մի քանի շաբաթում հասցրել է հանդիպել քաղաքացիներին, լսել խնդիրները և սկսել փոփոխությունների գործընթացը:

Շենգավիթ վարչական շրջանը հոկտեմբերի 23-ից ունի նոր ղեկավար, թաղապետի պաշտոնը ստանձնել է Տիգրան Գաբրիելյանը։ Պաշտոնավարման մեկնարկից ընդամենը մի քանի շաբաթ անց նա արդեն հասցրել է անցնել գործնական աշխատանքի՝ շեշտը դնելով քաղաքացիների հետ անմիջական շփման և համայնքի խնդիրներին տեղում ծանոթանալու վրա։

Գաբրիելյանը կազմակերպել է քաղաքացիների ընդունելություններ, որոնց ընթացքում շենգավիթցիները բարձրաձայնել են իրենց առօրյա խնդիրները՝ բակերի բարեկարգումից մինչև աղբահանության, լուսավորության և սոցիալական հարցեր։ Նա նաև շրջել է վարչական շրջանի բակերով, հանդիպել բնակիչների հետ և ուսումնասիրել Շենգավիթի առօրյան՝ նպատակ ունենալով ձևավորել հստակ գործողությունների ծրագիր։

«Շենգավիթը կարող է զարգանալ միայն այն դեպքում, երբ քաղաքացիների ձայնը լսելի է, և կառավարումն իրականացվում է բաց ու համագործակցային ձևաչափով», — նշել է Տիգրան Գաբրիելյանը։

Նորանշանակ թաղապետի նախաձեռնողական և քաղաքացիներին մոտ մոտեցումը դրական արձագանք է գտել համայնքի բնակիչների շրջանում։ Շենգավիթցիները նշում են, որ նոր ղեկավարն արդեն հասցրել է ցույց տալ գործելու և արձագանքելու պատրաստակամություն։

Նշենք, որ Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը նույնպես իր պաշտոնավարման ընթացքում զգալի աշխատանք էր իրականացրել համայնքի զարգացման ուղղությամբ՝ կյանքի կոչելով մի շարք բարեկարգման և ենթակառուցվածքային ծրագրեր։ Տիգրան Գաբրիելյանը, իր հերթին, հայտարարում է, որ շարունակելու է այդ գիծը՝ ներմուծելով նոր մոտեցումներ և ժամանակակից կառավարման գործիքներ։

Գաբրիելյանի առաջնահերթություններից են բակերի բարեկարգման և կանաչ տարածքների ավելացման ծրագրերը, համայնքային ծառայությունների որակի բարձրացումը, աղբահանության համակարգի կատարելագործումը և քաղաքացիների հետ կապի ամրապնդումը։ Թեև մարտահրավերները քիչ չեն, սակայն նորանշանակ թաղապետի առաջին քայլերն արդեն վկայում են գործնական մտածողության և արդյունավետ աշխատանքի պատրաստակամության մասին։

Շենգավիթում հույս ունեն, որ Տիգրան Գաբրիելյանի ղեկավարությամբ վարչական շրջանը կստանա նոր շունչ և կշարունակի զարգացման այն ուղղությունը, որը ձևավորվել է տարիների ընթացքում՝ հետևողական աշխատանքի շնորհիվ։

 

Կենսագրական

  • Տիգրան Գաբրիելյանը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2025 թ․ հոկտեմբերի 23-ին։
  • Նախկինում նա զբաղեցրել է մի շարք պետական պաշտոններ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի և շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոններ։
  • Գաբրիելյանը կրթությամբ տնտեսագետ է, երկար տարիներ աշխատել է պետական կառավարման համակարգում։
  • Նոր թաղապետը հայտարարում է, որ իր հիմնական նպատակն է՝ «Շենգավիթը դարձնել մաքուր, կանաչ և բարեկարգ համայնք, որտեղ քաղաքացին զգում է, որ իր ձայնը կարևոր է»։ 

 

Meganews.am

Այս թեմայով
am