Սևանի հարցով լարված պահ ԱԺ-ում․ Խուդաթյանը հակադարձեց ընդդիմությանը թվերով
Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը նշել է, որ Սևան ազգային լճի վերաբերյալ կա հստակ փորձագիտական բացասական եզրակացություն, որը, նրա խոսքով, իշխանությունը չի ներկայացրել հանրության դատին։
Պատգամավորը նաև ընդգծել է, որ «ոչ արդյունավետ կառավարման» հետևանքով առաջացել է ջրերի կորուստ և հավելյալ ջրառի անհրաժեշտություն։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը արձագանքել է՝ նշելով, որ ոլորտի կառավարումն իր ղեկավարության օրոք ավելի արդյունավետ է եղել, քան նախկինում։
«Ես պնդում եմ, որ ավելի լավ եմ կարողանում կառավարել ոլորտը, քան ձեր գործընկեր Արծվիկ Մինասյանը։ Թվերը դրա մասին են խոսում։ Երբ ինքն էր ոլորտի պատասխանատու նախարարը, Սևանից ջրառը եղել է ոչ թե 183, ինչպես իմ պաշտոնավարման շրջանում, այլ 265 միլիոն խորանարդ մետր։ Դրա համար ճիշտ կլինի, այդ հարցերի զգալի մասը նրան ուղղեք»,– նշել է Խուդաթյանը։