Եկեղեցու գործերին որևէ մեկը չի միջամտում. Գալյանը հորդորում է եկեղեցու սպասավորներին չկապել եկեղեցու հետ
Եկեղեցու գործերին որևէ մեկը չի միջամտում, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նրա դիտարկմամբ՝ եկեղեցին, ունենալով մեծ դեր քաղաքացիների կյանքում, նրանց հնարավորություն է տալիս ոչ թե միջամտելու, այլ որոշելու, թե ինչ կերպ վարվեն կոնկրետ իրավիճակում։ Հարցին՝ արդյո՞ք ՌԴ հոգևոր առաջնորդի հայտարարությունը միջամտություն է ՀՀ ներքին գործերին, Գալյանը արձագանքեց.«Չեմ կարող մեկնաբանել արտասահմանյան գործիչների արարքները»։
Իսկ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը չի գերազանցել իր պաշտոնեական լիազորությունները, նախարարը պատասխանեց.«Նախ եկեղեցին սահմանադրական կարգ հասկացության մեջ ընդհանրապես չի մտնում։ Եվ երկրորդ՝ վարչապետի կամ այլ պաշտոնատար անձի լիազորությունների շրջանակներից դուրս է պատարագի գնալը։ Դա ուղղակի ցանկություն է, որը կարող է ունենալ յուրաքանչյուրը։ Ինչո՞վ է դա լիազորությունների չարաշահում։ Խնդրում եմ՝ եկեղեցու սպասավորներին երբեք չկապել եկեղեցու հետ, քանի որ դրանք տարբեր բաներ են»։
Նախարար Գալյանը նշեց, որ չի տեսել երեկվա կադրերը, որտեղ քաղաքացու բերանը փակելով՝ նրան հանում են եկեղեցուց. «Եթե բռնարարքի մասին է խոսքը, ապա դա, իհարկե, քննադատելի երևույթ է, օրենքով պատժելի է։ Եթե նման բան է եղել, այդ մասին թող մտածեն իրավապահ մարմինները և արձագանք տան»։