«Երկրապահը սահմաններին կմնա, բանակը՝ պրոֆեսիոնալացվում է». ԵԿՄ նախագահ

Երկրապահը կմնա սահմաններին, մինչ մեր բանակը լիարժեք հզորանա. այսպես է գնահատում իրավիճակը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, պատասխանելով ծառայության ժամկետի կրճատման վերաբերյալ հարցերին:

 

«Մենք միշտ եղել ենք մեր բանակի կողքին և այսօր էլ ենք լինելու», — շեշտեց Միքայելյանը՝ ընդգծելով, որ կարճացվող ծառայությունը ոչ թե սպառնալիք է, այլ հնարավորություն ունենալ որակյալ, մարտունակ զինվոր:

 

Նա նաև նշեց, որ հասարակության մեջ կարծիքները տարբեր են՝ մի մասը կողմ է, մյուսը՝ դեմ: Սակայն ըստ նրա, կարևոր է ապահովել, որ առողջ երիտասարդները զորակոչվեն, որպեսզի պրոֆեսիոնալ բանակի ձգտումն իրագործվի:

 

«Պրոֆեսիոնալ բանակը կկայանա թե՛ 1.5 տարվա, թե՛ 2 տարվա դեպքում էլ, որովհետև մեր առաջնահերթությունը ոչ թե թվաքանակն է, այլ զինվորի պատրաստվածությունը», — նշեց ԵԿՄ նախագահը:

 

Միքայելյանը ընդգծեց նաև, որ ծառայության կրճատումը չի նվազեցնում անվտանգության մակարդակը. հակառակը, սա հնարավորություն է, որ բանակը կենտրոնանա որակյալ զինվորների վրա, որոնք ծառայության ընթացքում դիրքերում պատրաստ կլինեն իրական մարտական գործողությունների:

 

Երկրապահի դերը, ըստ նրա, մնում է առանց փոփոխության՝ շարունակելով պաշտպանել սահմանները, մինչ բանակը համալրված է պրոֆեսիոնալ ուժերով:

 

«Թվակազմի կրճատումը վտանգ չի ստեղծի, ավելի կարևոր է, որ ունենք մարտունակ զինվոր, ոչ թե պարզապես թվեր», — ամփոփեց Սասուն Միքայելյանը:

Մարգարիտա Դավթյան

meganews.am

Այս թեմայով
am