Ժողովրդին գժի տեղ մի դրեք, դրա համար էլ չեք ընտրվում. երբ պետական լծակ չունեք, ձեր ՕԳԳ–ն զրո է. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդիմությանը կոչ է անում ժողովրդին «գժի տեղ չդնել»։
«Դրա համար չեք ընտրվում, ձայն չեք հավաքում, ամո՛թ է, դուք ապացուցել եք՝ երբ պետական լծակ չեք ունենում, դուք զրո ՕԳԳ ունեք»,- ԱԺ-ում հայտարարեց Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ իշխանությանն ուղղված քննադատություններին:
«Մենք ընդդիմություն ենք եղել, ընդդիմության մեջ ենք եղել, տապալել ենք ձեզ բոլորիդ՝ ձեր պետական ռեսուրսներով, հեռուստաալիքներով, ԱԱԾ-ներով, մնացած ոստիկանական զորքերով, մարդկանց վրա կրակելով, մարդկանց բանտեր նետելով, տապալել ենք ձեզ բոլորիդ, ու հաջորդ ընտրություններից հետո ձեր քանակը (ես ասել եմ՝ դուք վերացող տեսակ եք) գնալով փոքրանալու է, վերանալու է»,- ասաց նա:
Անդրադառնալով խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների թիմերի միջև եղած բանավեճին՝ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ցանկություն ունի մասնակցելու այն բանավեճին, որ կա Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գործընկերների միջև: Ուզում է մասնակցել որպես մարդ, որը հեղափոխություն է արել:
«Այո՛, դուք Սերժ Սարգսյանին չօգնեցիք, դուք պետք է սատար կանգնեիք, և Սերժ Սարգսյանին չպաշտպանեցիք՝ ո՛չ Ռոբերտ Քոչարյանի թիմը, ո՛չ Դաշնակցությունը: Նույնիսկ Հանրապետական կուսակցության որոշ տարրեր Սերժ Սարգսանին այդ օրերին չպաշտպանեցին, որովհետև Ռոբերտ Քոչարյանն ուզում էր պատժել Սերժ Սարգսյանին՝ ցույց տալով, որ նա այդքան չկա, ինչքան ինքը, և պետք է կախվածության մեջ լինի: Որոշ հանրապետականներ մտածում էին, որ արանքը կարող էին ճղել, և այդ շարժման շնորհիվ իրենք դառնային նոր վարչապետ, իսկ մնացածն ուղղակի նոր հնարավորություններ էին տեսնում: Ես ուզում եմ՝ վե՛րջ դնեք այդ բանավեճին:
Այո՛, Ռոբերտ Քոչարյանը, Հայ հեղափոխական դաշնակցությունը և Հանրապետական կուսակցության որոշ տարրեր, որոնք անունները Սերժ Սարգսյանը լավ գիտի, ամեն ինչ արեցին և աջակցեցին հեղափոխությանը: Դա փաստ է, մեծագույն փաստ է: Այնպես որ, այդ բանավեճը փակեք, որովհետև ինձ համար, իմ թիմակիցների համար, ՀՀ ժողովրդի համար դուք նույնն եք, նույն իշխանության ներկայացուցիչն եք, որոնք մարդ են սպանում»,- ասաց նա: