Ստեփան Ասատրյանը նեղվել է, որ իրեն Հուդա են անվանում. նա պատասխանել է Արշակ Սրբազանի նամակին

Ստեփան Ասատրյանը՝ նախկին հոգևորական Տեր Արամը, պատասխանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նամակին։

«Գերաշնորհ Սրբազան Հայր,

ստացել եմ Ձեր թիվ 1051 նամակը, որով նախ տեղեկացնում եք Հայրապետական տնօրինության մասին, ապա նաև դրանից բխող տարատեսակ պահանջներ եք ներկայացնում։

Ցավոք, Հայրապետական տնօրինության մասին նախ տեղեկացել եմ ֆեյսբուք սոցիալական կայքից, ապա մեկ օր անց նոր պաշտոնական Մայր Աթոռից` Ձեր միջոցով։ Ի դեպ, Խորհրդակատարություններից հետո եմ համացանցում հանդիպել այդ որոշման մասին, և այստեղ հարց է առաջանում` ֆեյսբուքից հոգևոր հովիվ ինֆորմացիայի փոխանցման ճանապարհին ինչ է կատարվել Սուրբ Հովհաննավանքում։ Գերաշնորհ Սրբազան Հայր, Դուք ևս անդամ եք Շնորհների բաշխման և կարգապահական հարցերի հանձնախմբի, ուստի ակնկալում եմ տրամադրել ինձ.

1. Ի՞նչ ընթացակարգով և կանոնակարգով են տեղի ունեցել Հանձնախմբի նիստերը, և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ո՞ր կանոնն է շրջանցվել իմ կողմից։

2. Կարգապահական հանձնախմբի անդամ եպիսկոպոսն իմ«կարգապահական» հարցերի«քննարկման» օրերին Հայ Եկեղեցու ո՞ր կանոնն է ցիտում` հանրային խոսույթում Եկեղեցու քահանային «Հուդա» անվանելիս։ Եվ ի՞նչ վերաբերմունք ունեք «Հուդայի» կողմից իրականացվող Սուրբ Խորհուրդների վերաբերյալ։

3. Կարգապահական հանձնախմբի պաշտոնական նամակում «քննարկման» հրավիրելիս ի՞նչ հիմքով են կանխակալ մոտեցմամբ «ապատեղեկատվություն» անվանվում իմ մտահոգությունները։

4. Ինչպե՞ս է Հայրապետական տնօրինությամբ նշվում իմ կողմից երիցս չներկայանալու «փաստն» այն դեպքում, երբ ես գրություններով երիցս պատրաստակամություն եմ հայտնել հանդիպելու Հանձնախմբին` նպատակը ճշտելու պայմաններում։

Այս և նմանատիպ հարցերի պատասխանները լուսաբանելու համար` խնդրում եմ տրամադրել ինձ Տնօրինության հիմք հանդիսացող Կարգապահական հանձնախմբի նիստերի արձանագրություններն ու որոշումների հիմքերը։ Վերոհիշյալ նյութերի տրամադրումից հետո կարձագանքեմ իմ հետագա քահանայագործության վերաբերյալ։

Կանխահայտ շնորհակալությամբ`

Արամ քահանա Ասատրյան Հովհաննավանքի հոգևոր հովիվ

23 հոկտեմբերի, 2025թ.

հգ. Ի պատասխան Հայրապետական ֆեյսբուքյան տնօրինության` պատասխանում եմ նույն հարթակում»,- գրել է Ստեփան Ասատրյանը։

Այս թեմայով
am