Գերիների, պահվող անձանց վերաբերյալ խոսակցությունը միշտ կա. Սիմոնյանը մանրամասներ հայտնեց Գաֆարովայի հետ հանդիպումից

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ողջունեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը: Նա նաև համոզմունք հայտնեց, որ մոտ ապագայում երկկողմ քայլերի պակաս չի զգացվելու: 

Նրա խոսքով՝ շատ կարևոր հարցեր կան, որոնց հետ կապված հայկական կողմը սպասում է դրանց շուտափույթ լուծմանը:

Լրագրողներից մեկը հարց ուղղեց ԱԺ նախագահին՝ հետաքրքրվելով՝ արդյոք Ժնևում անցկացված Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպման ընթացքում անդրադա՞րձ է կատարվել գերիների հարցին:

«Գերիների, պահվող անձանց վերաբերյալ խոսակցությունը կա միշտ: Այդ խոսակցությունը կար ոչ միայն այդ հանդիպման ժամանակ, եթե իմ ելույթը նայեք, դրա մասին խոսվում է»,- ասաց Սիմոնյանը՝ Գաֆարովայի հետ հանդիպումը գնահատելով որպես «շատ դրական»:

Հանդիպման համար նա շնորհակալություն հայտնեց կազմակերպչին, ընդգծեց՝ երկուստեք կա ընկալումը, որ պետք է երկու երկրների խորհրդարաններն իրենց վրա վերցնեն հանրություններին պատրաստելու, մերձեցնելու, խաղաղության իրականության մեջ ապրելու տրամաբանությունը:

«Իմ գործընկերոջ մոտ այդ ընկալումը նույնպես կար: Շատ դրական, ջերմ հանդիպում է տեղի ունեցել: Պայմանավորվել ենք կոնկրետ քայլերի մեխանիզմ քննարկել և առաջարկել»,- հայտնեց Ալեն Սիմոնյանը՝ փակագծեր չբացելով, միայն հայտնեց՝ խոսքը հեռավոր ապագայի մասին չէ:

«Երկուսս էլ այն մտքին ենք, որ պետք է հնարավորինս արագ այդ ամենը արվի և հնարավորինս մեծ ծավալով: Այդ ամբողջ հանդիպման կարևոր կողմերից մեկն այն էր, որ ես տեսա՝ խաղաղությունը ոչ միայն մեր սրտում է ու մեր ընկալման մեջ, այլև ադրբեջանական կողմի մեջ»,- ասաց ԱԺ նախագահը:

Լրագրողներից մեկի հարցին՝ ինչու է Ալիևը օգտագործում «միջանցք» բառը, Սիմոնյանը պատասխանեց՝ դրա մասին հարցրել է, ինչին ի պատասխան հնչել է՝ «միջանցք» բառի մեջ վատ բան չկա, ուզում են, որ Ադրբեջանի միջով տնտեսական միջանցք անցնի, իսկ ինչ վերաբերում է Զանգեզուրին, ասել են՝ տարածքն է այդպես կոչվել, դրա համար են այդպես կոչում:

«Կարծում եմ՝ դա խոսույթի տարբերության խնդիր է»,- ավելացրեց ԱԺ նախագահը:

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է Ադրբեջանի խորհրդարանի նախագահը այցելի Երևան, նկատեց՝ չի բացառում, որ ինչ-որ միջազգային ձևաչափերի շրջանակում կարող է այցելել, ինքն էլ կարող է գնալ:

Նրա խոսքով՝ հայկական կողմի համար դժվար է Ադրբեջան գնալը այն պարագայում, երբ այնտեղ ունենք պահվող անձինք: 

Ինչ վերաբերում է նրան, արդյոք հնարավո՞ր է մինչ խորհրդարանական ընտրությունները մեր գերիները  վերադառնան, Սիմոնյանը պատասխանեց՝ դրա մասին չեն խոսում, մինչև դա տեղի չունենա:

Հիշեցնենք՝ ՝ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին նախկինում՝ հայտարարել էր Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ առաջին նման տարանցման օրինակը եղել է ղազախական հացահատիկի տեղափոխումը դեպի Հայաստան:

«Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր փուլ է սկսվել։ Եվ վերջին ռազմական բախումներից ընդամենը երկու տարի անց խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը վկայում է, որ երկու երկիրն էլ քաղաքական կամքի բավականին բարձր մակարդակ է ցուցաբերել»,- ասել էր Ալիևը:

Այս թեմայով
am