Գոհ եմ ընդհանրապես խաղաղության ինստիտուցիոնալացման ճանապարհին կատարվող աշխատանքներից. Փաշինյան

Գոհ եմ Կոպենհագենի մեր քննարկումներից և ընդհանրապես մեր շփումներից, ընդհանրապես խաղաղության ինստիտուցիոնալացման ճանապարհին կատարվող աշխատանքներից: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով միջազգային տարբեր հարթակներում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների մանրամասներին:

«Ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ կան անառարկելի փաստեր՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված: Ընդ որում՝ ասե՞մ, թե՞ չասեմ, կարող եմ ասել, կարող եմ չասել, բայց դա իրողություն է, և այդ իրողությունը դժվար է չնկատել»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է՝ Հայաստանը ևս ինչ-որ փուլում բարձրացնի Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու պահանջ, Փաշինյանը պատասխանեց՝ Սահմանադրության հետ կապված հայկական կողմի դիրքորոշումներն արտահայտվել են, և որ այդ դիրքորոշումների փոփոխության մասին չի հայտարարվել, դա նշանակում է՝ դիրքորոշումները չեն փոխվել:

«Եթե մենք նման հարց բարձրացնենք, կնշանակի՝ հակասում ենք մեր իսկ դիրքորոշումներին: Իսկ ո՞րն է մեր դիրքորոշումը: Մեր դիրքորոշումն այն է, որ արդեն նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստում այդ խնդիրը լուծված է, դե յուրե ամբողջությամբ և համապարփակ կերպով լուծված է:

Սահմանադրության փոփոխության թեմա մենք արտաքին քաղաքական օրակարգի ոչ մի ուղղությամբ չունենք: Սահմանադրության հետ կապված՝ մենք ունենք ներքին օրակարգ, և այդ ներքին օրակարգի վերաբերյալ հստակ, աներկբա հայտարարվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի ընդունած հռչակագրում»,- ասաց նա:

Այս թեմայով
am