Կարմիր սարի հանքի շահագործման լսումներն անցել են լարված մթնոլորտում

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Լարված իրավիճակ՝ Գինեվետում. Կարմիր սարը վտանգի տակ է: 
Արարատի մարզի Կարմիր սարը, որը շրջապատում է Վեդի և Արտաշատ խոշորացված համայնքների մի քանի բնակավայրեր, հայտնվել է հանքարդյունահանողների թիրախում։ 
Նախատեսվում է սարից արդյունահանել կրաքարային մերգել, որը ծառայում է որպես հումք՝ ցեմենտի արտադրման համար։ Կար նաև առանձին նախագիծ՝ Գինեվետում ցեմենտի գործարան կառուցելու վերաբերյալ։ 
Սակայն նախորդ տարի «Օրդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացրած հանք շահագործելու հայտը բացասական եզրակացություն ստացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնի կողմից։ 
Թվում էր, թե Կարմիր սարում հանք շահագործելու թեման փակվել է, սական այսօր Գինեվետում անցկացվում է հանրային լսում՝ «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Կարմիրսարի կրաքարային մերգելների /կավակրաքարերի/ հանքավայրի օգտակար հանածոյի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ։ 
«Իշխանության» թղթակցի փոխանցմամբ՝ այժմ համայնքապետարանում լարված իրավիճակ է: Այստեղ են եկել հանքի շահագործմանը դեմ գյուղացիներ և բնապահպաններ, պահանջում են՝ դադարեցնել գործընթացը»:

Նշենք, որ իրավիճակը համայնքապետարանում այնքան է լարվել, որ որոշում է կայացվել դադարեցնել լսումները։ «Հանրային լսումները դադարեցրել են կամայականորեն, որպեսզի թույլ չտան բոլորն արտահայտվեն, հանրային քննարկումները դադարեցվում են, երբ սպառվում են բոլոր հարցերը, այդպիսի իրավունք չկա»,- ասել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։ «Հանրային լսումները կայացված չեն, լսումները ոչնչի մասին են»,- նշել է «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը:

 

Այս թեմայով
am